News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, գործով վկա սպաները տվել են սուտ ցուցմունք, իսկ գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվող Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում չի եղել։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զավեն Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը։

Նշենք, որ մարտի 6-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել։

«Շատ կարեւոր է, որ անմեղ անձը չենթարկվի անհարկի քրեական պատասխանատվության կամ քրեական հետապնդման։ Չկա հիմնավոր կասկած առ այն, որ Զավեն Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը։ Այդ հիմնավոր կասկածը չկար արդեն գործի քննության կեսերից. 1-ից 2 ամիս անց արդեն կային գործում բավարար ապացույցներ, որոնցով ուղղակիորեն հերքվում էր, որ Զավեն Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը։ Տպավորություն է ստեղծվել, թե 7 կամ 8 սադիստներ դաժանորեն ծեծի են ենթարկել հայոց սպաներին, եւ նրանք աշխարհի ամենաանհայրենասեր մարդիկ են։ Դեպքը տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա»,- ասաց Լեւոն Սահակյանը։

Պաշտպանը ներկայացրեց դեպքի մանրամասները.

«Հարություն Գրիգորյանը՝ Զավեն Գրիգորյանի եղբայրը, որն այս պահին կալանավորված է, դեպքի օրը ժամը 00։00-ի սահմաններում, իր մեքենայով ուղեւորվում է դեպի իրենց բակ, վերջերս էին տեղափոխվել այնտեղ, բնակվում էր վարձով՝ իր կնոջ հետ։ Բակում կանգնած են լինում 4 սպաներ, որոնք 2 ռեստորաններում մասնակցել են խնջույքների, օգտագործել են ոգելից խմիչք, նրանցից որոշներն էլ եղել են ալկոհոլի ծայրահեղ ազդեցության տակ։ Կոնֆլիկտ է ծագում Հարություն Գրիգորյանի եւ սպաների միջեւ։ Ով է նախահարցակ լինում, ում գործողությունների հետեւանքով է այդ կոնֆլիկտը ծագում, դա նախաքննության ավարտից հետո կիմանանք։ Գործով հաստատված է, որ կոնֆլիկտի արդյունքում Հարություն Գրիգորյանը փախչում է իրենց շքամուտք, բարձրանում է մինչեւ իրենց հարկ, սպաները նրա հետեւից բարձրանում են մինչեւ իրենց հարկ, կոնֆլիկտը շարունակվում է նաեւ այդտեղ։ Հարություն Գրիգորյանը զանգահարում է իր ընկերներին ու եղբորը։ Դեպքը տեղի է ունենում, ինչ հանգամանքներում եւ ինչպես է դեպքը տեղի ունենում, դա կպարզի քննությունը։ Մի բանն է անհերքելի, որ Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում չի եղել։ Այդ դեպքից հետո Արա Մխիթարյանի անգիտակից վիճակում է լինում, ոչ թե Մխիթարյանի ընկերներն են զանգահարում շտապ օգնություն, այլ Հարություն Գրիգորյանը է զանգահարում։ Շտապ օգնություն զանգելուց մեկ րոպե առաջ է դեպքի վայր հասած լինում Զավեն Գրիգորյանը»։

Պաշտպանը հայտնեց, որ գործով վկա սպաները հարցաքննության ժամանակ ասել են, թե իրենցից է սկսվել կոնֆլիկտը. «Քննիչի պարզ հարցին՝ ինչպես պատահեց, որ Հարություն Գրիգորյանը միայնակ կարողացավ ձեզ ծեծի ենթարկել, նրանք պատասխանել են՝ մենք գիտակցում էինք, որ վեճը մեզնից է ծագել, Արան հարբած էր…։ Այդ ցուցմունքները վկայում են այն մասին, որ կոնֆիլկտի մեջ Արա Մխիթարյանի հետ եղել է բացառապես Հարություն Գրիգորյանը։ Մշակվեց այլ սցենար, թե Հարություն Գրիգորյանը մենակ չի եղել, նրա հետ են եղել այլ անձինք, այդ անձանց թիվն ամեն ամիս ավելանում էր»։

Լեւոն Սահակյանը շեշտեց, որ Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում չի եղել, կան եւ տեսաձայնագրություններ եւ հեռախոսային խոսակցությունների վերծանումներ. «Անհերքելի փաստ է նաեւ այն, որ Տրդատ Սարգսյանը նույնպես դեպքի վայրում չի եղել։ Վարույթն իրականացնող մարմինը շուրջ 2 ամիս պարզում էր, թե Տրդատ Սարգսյանն այնտեղ եղել է, թե ոչ։ Անհերքելի տեսաձայնագրություններով ապացուցվեց, որ Տրդատ Սարգսյանն այնտեղ չի եղել։ Եթե վկան սպա է, սա դեռ չի նշանակում, որ նրա ամեն մի ասածը հիմք է։ Ցանկացած սպայի ցանկացած ասած խոսք հալած յուղի տեղ չպետք է ընդունել։ Ունենք հերոս սպաներ, սակայն ունենք սպաներ, որոնք պաճառով զինվորներն են ինքնասպան լինում, ունենք սպաներ, որոնք պատրաստ են սուտ ցուցմունք տալ։ Նույնիսկ եթե այդ սպաները զղջան, ու տան իրականությանը համապատասխանող ցուցմունքներ, ապա մենք այս գործով անելու ենք ամեն ինչ, որ քրեարակն գործ հարցուցվի՝ սուտ մատնության հատկանիշներով»։

Պաշտպան Լեւոն Սահակյանն ասաց, որ վկաների ամեն ցուցմունք հակասում է նախորդ անգամ տված ցուցմունքին.

«Գործով վկաներից մեկն ասում էր, թե Տրդատ Սարգսյանը ծեծում էր Արա Մխիթարյանին, սակայն տեսաձայնագրություններով պարզվեց, որ այդ օրը այդ ժամին նա եղել է իր խանութում, այսինքն՝ դեպքի վայրում չի էլ գտնվել այդ վկան»։

Հարցին՝ արդյոք Հարություն Գրիգորյանի հարազատները տեսակցե՞լ են Արա Մխիթարյանին կամ հանդիպե՞լ են հարազատների հետ, Սահակյանն ասաց.

«Հարություն Գրիգորյանի գերպարկեշտ ծնողներն ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ անենք, գնանք, տեսնենք, նամակ ուղարկենք, զանգահարենք։ Երբ տեսնում ենք Արա Մխիթարյանի հոր հրապարակումները՝ թող փորձվեն գան։ Այդ սպառանիքներից հետո ես չեմ կարող թույլ տալ, որ երկրորդ դեպքը տեղի ունենա։ Զավեն եւ Հարություն Գրիգորյանների հայրը բազմիցս դիմել է ինձ, բազմիցս հայտնել է իր ցանկությունը՝ գնալ, տեսնել, հաշտության փորձեր կատարել, որեւէ կերպ օգնել։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ