News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարության արտահերթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընթերցեց Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Դրանով նախատեսվում է, որ այսօր՝ ժամը 17։00-ից մինչեւ ապրիլի 16-ը՝ ժամը 9։00-ը Հայաստանի Հանրապետությունում  հայտարարվում է արտակարգ դրություն: Արտակարգ դրությունը պայմանավորված է կորոնավիրուսի վարակով:

Նշենք, որ ավելի ուշ ընդունված՝ կառավարության որոշման մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ 

Կստեղծվի պարետատուն եւ պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Որոշումն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Հաշվի առնելով աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը եւ այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,

-հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետեւանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

-ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի եւ առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաեւ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման եւ առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու եւ վերացնելու հատուկ պայմաններ եւ ռեժիմ սահմանելու, ինչպես նաեւ բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների եւ միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման եւ իրականացման անհրաժեշտությունից,

-հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին չանցնելու եւ համապատասխան ախտանիշների առկայության դեպքում բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,

-հիմք ընդունելով այն, որ Սահմանադրության 120-րդ հոդվածը Կառավարությանը լիազորում էթույլ է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում եւ այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, եւ նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրության հոդված 1-ով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը եւ, հաշվի առնելով Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

-նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների եւ դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների եւ միջոցառումների իրականացումը եւ դրանց արդյունքում անձանց կյանքի եւ առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (հոդված 27), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), հավաքների ազատության (հոդված 44), սեփականության իրավունքի (հոդված 60) եւ արտակարգ դրության ժամանակ Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները եւ ազատությունները` իրավիճակի պահանջով եւ օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով` 8-րդ հոդվածը լրացնել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

2. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (այսուհետ` Պարետ):

3. Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը:

4. Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

5. Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական եւ ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները:

6. Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների եւ ներկայացուցիչների, ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարների եւ ներկայացուցիչների համար։

7. Սահմանել արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի գործադրման շրջանակները` համաձայն հավելված N 1-ի:

8. Սահմանել, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Կովիդի դեմ պատվաստված լինելու կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում...
Ամենաշատ