News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 06
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում վերջերս հակահայ քարոզչությունն ակտիվացել է, միջազգային մամուլում մի քանի հակահայ հոդվածներ էին հրապարակվել, դրանցից մեկը «Վաշինգտոն Թայմսում», որտեղ Ադրբեջանի դեսպանն էր հակահայ նյութ տպագրել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ վերջերս էլ Գերմանիայի ԱԳՆ կայքում սուր արտահայտություններով նյութ էր հրապարակվել, որտեղ կոչ էր արվում Գերմանիայի քաղաքացիներին չայցելել Արցախ, իսկ այցելելու պարագայում իմանալ, որ կարող են քրեական հետապնդման ենթարկվել, հետագայում եթե այլ պետության տարածքում գտնվեն, վերադարձվեն Ադրբեջան եւ ենթարկվեն քրեական պատասխանատվության:

«Նման հայտարարություն ես չեմ հիշում, որ որեւէ բարեկամ երկրի ԱԳՆ արած լիներ»,-ասաց նա հարց ուղղեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին. «Ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել ԱԳՆ-ն, արդյոք համարժեք պատասխան տալիս ենք»:

Ի պատասխան ԱԳ նախարարն ասաց. «Կարծես թե սա նորություն է ձեզ համար: Վստահեցնում եմ ձեզ, որ այդ հոդվածները չեն շատանում, դրանք շատ են, շատ են լինելու եւ սա իրականությունն է: Սա եղել է միշտ եւ զարմանալու բան չկա: Մենք դրա հետ առնչվում ենք ամեն օր՝ հոդվածների, քարոզչության բազմաթիվ ձեւերով ու ձեւաչափերով: Դուք է, իրականում մասնակից եք այդ գործընթացին, քարոզչական այդ հակամարտությանը, մրցակցությանը: Որովհետեւ խորհրդարանական հարթակներում դա տեղի է ունենում մշտապես: Դա չի սկսվել հիմա եւ չի ավարտվելու վաղը»:

Ինչ վերաբերում է «Վաշինգթոն թայմսի» հոդվածին, նախարարն ասաց. «Ես հասկանում եմ, որ դուք նկատեցիք այդ հոդվածը, բայց երեւի թե երկու օր առաջ չեք նկատել մի այլ հոդված այդ նույն «Վաշինգտոն թայմս»-ում, որը հակադարձում էր այդ հոդվածին: Եվ այդ հոդվածը գրվել էր ԱՄՆ քաաղաքացու կողմից, որը փախստական է Ադրբեջանից: Սա զուտ օրինակ է այդ մրցակցության:

Ինչ վերաբերում է ճանապարհորդությունների հետ կապված զգուշացումներին, պետք է ասեմ, որ սա էլ նորություն չէ: Ես կխնդրեմ չդատել մեր տարբեր գործընկերների դիրքորոշումները ԼՂ հարցով՝ նման ճանապարհորդությունների միջոցով: Դուք նշեցիք Գերմանիան, Գերմանիայի դիրքորոշումը ԼՂ հարցում առավել քան հստակ արտահայտված է բազմաթիվ մակարդակներում: Նախքան այս դիմակային վիճակը, Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցի ժամանակ եւ կանցլերի հետ հանդիպման ժամանակ այդ դիրքորոշումը եւս մեկ անգամ արտահայտվել է»:

Տարոն Սիմոնյանը հակադարձեց. «Եթե որեւէ պետություն ոչ այնքան ամբողջական ինֆորմացիա ստանալու պատճառով որոշակի հայտարարություններ է կատարում, ես իրավունք ունեմ մեղադրելու դիվանագիտական կորպուսին պասիվ աշխատանքի համար: Եթե մեկ հակահայ հոդված է տպագրվում, ես ակնկալում եմ առնվազն 10 իրականությունը բացահայտող հոդված մեր դիվանագիտական կորպուսից ստանանք»

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ինքն ամենեւին քննադատելու նպատակ չուներ. «Ես նպատակ ունեի բոլորիս ուշադրությունը սեւեռելու փաստի վրա, որ մրցակցությունը քարոզչական դաշտում եղել եւ մնում է մշտական գործառույթ: Ես ինձ հատկացված մի քանի րոպեում ես չեմ կարողանա ներկայացնել դիվանագիտական կորպուսի կատարած աշխատանքի ամբողջ ծավալը, բայց ես ասացի, որ նույն «Վաշինգտոն թայմսում» հոդված է հրապարակվել: Դա դիվանագիտական կորպուսից չի դուրս եկել, բայց դուրս է եկել: Նաեւ խորհրդարանական հարթաներում մենք ունենք աշխատանքի լավ փորձ՝ այդ քարոզչությանն առնչվելու առումով եւ կառուցելու մեր քաղաքական գիծը: Այստեղ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի միջեւ կա ձեւավորված բավական լավ համագործակցություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ