News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուղիղ մեկ տարի առաջ, 2019 թվականի հունիսի 12-ին, Կասիմ Ժոմարտ Տոկաեւը պաշտոնապես ստանձնեց Ղազախստանի ղեկավարի պաշտոնը: Երկրի քաղաքական պրակտիկայում առաջին անգամ անցկացվեց իշխանության փոխանցում` ազգային օրակարգի առանցքային եւ պատասխանատու հարց: Դրա եզրափակիչ պահը դարձան նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հասարակական վստահության մանդատը նվաճեց Տոկաեւը:

Երդմնակալության ժամանակ պետության նոր ղեկավարը հայտարարեց, որ կշարունակի իրականացնել Ղազախստանի առաջին նախագահ Էլբասի Նուրսուլթան Նազարբաեւի ռազմավարական ծրագրերը: Իսկ բոլոր նոր նախաձեռնությունները կուղղվեն որոշակիությանն ու արդյունավետությանը: Ընտրություններից կարճ ժամանակ անց ամերիկյան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Տոկաեւն իրեն անվանեց բարեփոխիչ:

Բարեփոխումները Ղազախստանում

Մեկ տարվա ընթացքում նախագահ Կ․ Տոկաեւը ապահովեց իշխանության փափուկ եւ կայուն փոխանցում, ինչը իշխանության անցման առանցքային պայման է։ Մի կողմից, նա շարունակում է իրականացնել գործող պետական կուրսը, մյուս կողմից, նոր խթան է բերում՝ ապահովելով էվոլյուցիոն զարգացում։

Տոկաեւը հայտարարեց ընդդիմության հետ երկխոսության իշխանությունների պատրաստակամության մասին: Այդ նպատակով նա իրականացրեց այս պահի համար գլխավոր քաղաքական բարեփոխումը՝ հիմնեց Հանրային վստահության ազգային խորհուրդ, ինչպես նաեւ ազդարարեց հանրահավաքների անցկացման կանոնների պարզեցման մասին: Բացի այդ, իր նախագահության առաջին տարում Տոկաեւը աչքի ընկավ լիբերալ բնույթի այլ բարեփոխումներով՝ հայտարարվեց պայքար մենաշնորհների դեմ, փոքր եւ միջին բիզնեսները ազատվեցին հարկերից:

Տոկաեւը անցկացրեց մի շարք սոցիալ-տնտեսական բարեփոխումներ՝ ուղղված չունեւորների եւ փոքր բիզնեսի աջակցությանը: Բազմազավակ ընտանիքներին եւ կերակրողներին կորցրած ընտանիքներին տրամադրվեցին անգրավ սպառողական վարկեր՝ 105 միլիարդ տենգեի չափով, մեղմացվեցին վարկային պարտքերի համար պատժամիջոցները, մինչեւ 2023 թվականը հետաձգվեցին գործատուների կողմից կենսաթոշակային վճարների մուծումները: Միկրո եւ փոքր բիզնեսի ընկերությունների որոշ տեսակների երեք տարի ժամկետով ազատեցին եկամտահարկ վճարելուց, բարձրացվեցին ուսանողների կրթաթոշակները եւ ուսուցիչների աշխատավարձերը:

Մշակվեց եւ ընդունվեց կարեւոր քաղաքական այն բարեփոխումների փաթեթը, որոնք առնչվում են խաղաղ հավաքների մասին օրենքներին, ընտրությունների մասին օրենքին, «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքին եւ քաղաքական բազմակարծության սկզբունքները գործնականում ամրագրող օրենքներին: «Խաղաղ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու կարգի մասին» օրենքը, որը ստորագրվել է պետության ղեկավարի կողմից այս տարվա մայիսի 25-ին, երկրի հասարակական-քաղաքական արդիականացման համակարգային՝ նախագահի կիողմից նախաձեռնված միջոցառումների մի մասն է։

Մեկ տարվա ընթացքում նախագահ Տոկաեւը կայացրեց ոչ քիչ որոշումներ, որոնք կարելի է երկրի համար ճակատագրական անվանել, կամ, համենայն դեպս, հասարակության համար երկար սպասված: Սկիզբը դրվեց Ալմաթիի մերձակայքում գտնվող Կոկ-Ժայլյաուում լեռնադահուկային հանգստավայրի շինարարությունը չեղյալ հայտարարելով` նախագիծ, որին դեմ էին հանդես գալիս քաղաքացիական ակտիվիստները: Նախ, Տոկաեւը Ալմաթիի այն ժամանակվա ակիմ Բաուիրժան Բայբեկին առաջարկեց հետաձգել նախագիծը, այնուհետեւ վճռականորեն ասաց՝ հանգստավայր չի լինի: Նախագահը խոստացավ նաեւ Ղազախստանում ատոմակայանի կառուցման որոշում կայացնելիս լսել հասարակական կարծիքը, թեեւ ԱԷԿ-ի տեղն արդեն ընտրված էր:

Արտաքին քաղաքականություն՝ Ղազախստան եւ Հայաստան

Տոկաեւը մեկ տարում եղել է 9 երկրում: Նրա առաջին պաշտոնական այցը Ռուսաստան ակներեւորեն նշանակում էր պետության նոր ղեկավարի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Այնուհետեւ հաջորդեցին Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, ԱՄՆ-ն, Հայաստանը, կրկին Ռուսաստանը, Թուրքմենստանը, Գերմանիան, ԱՄԷ-ն:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ընտրություններից անմիջապես հետո մամուլի ասուլիսում ասել էր, որ Հայաստանին մեծ համակրանքով է վերաբերվում: «Իմիջիայլոց, Հայաստանի հետ մենք շատ ընդհանուր բան ունենք՝ պատմության եւ նույնիսկ լեզվի տեսակետից: Ուստի ես լավատեսությամբ եմ նայում ապագա համագործակցությանը: Չկասկածեք, որ մեր կողմից, Ղազախստանի կողմից հնարավոր ամեն ինչ կարվի համագործակցությունն ամրապնդելու համար»,- նշել էր Տոկաեւը:

Այդ պահին նորընտիր նախագահի հայտարարությունը զարմանք չի հարուցում, Ղազախստանում հայկական սփյուռքում կա 15 200 մարդ, որոնք ոչ միայն երկրի քաղաքացիներն են, այլեւ երկու երկրները կապող «կենդանի կամուրջը»: Դրանից բացի, Ղազախստանն ամեն տարի Հայաստանից ընդունում է մոտ 15 հազար աշխատանքային միգրանտների: Երկրում ստեղծված են բոլոր պայմանների հայերի լեզվի եւ մշակույթի պահպանման համար: Ղազախստանի Մաժիլիսում՝ խորհրդարանում, կա հայկական սփյուռքի ներկայացուցիչ՝ Նարինե Միքայելյանը: Ղազախստանի 11 քաղաքներում գործում են Հայկական մշակութային կենտրոններ: Ղազախստանի Հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիայի նախագահն է Արտուշ Կարապետյանը:

2019 թվականը Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային-հումանիտար երկխոսության ակտիվ տարի էր: Երկկողմ դիվանագիտական հարաբերություններում իրական ավանդ ունեցան Ղազախստան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների այցերի արդյունքները: Պատասխան այցով Երեւանում են եղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, վարչապետ Ասկար Մամինը, նրա առաջին տեղակալ Ա. Սմաիլովը, փոխվարչապետ Բ. Սապարբաեւը, Սենատի եւ Մաժիլիսի խոսնակներ Դ. Նազարբաեւան եւ Ն. Նիգմատուլինը:

ՀՀ ԱԺ «Հայաստան-Ղազախստան» նոր ձեւավորված բարեկամության խմբի շրջանակում 2019 թվականի մայիսի 22-23-ը խմբի ղեկավար Վ. Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հայկական խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը Նուր Սուլթան, իսկ դեկտեմբերի 14-17-ը պատասխան այցով Երեւանում են եղել ղազախական բարեկամության խմբի ներկայացուցիչները՝ խմբի ղեկավար Բ. Մամրաեւի գլխավորությամբ:

Ղազախստանի Հանրապետության եւ ՀՀ-ի միջեւ իրավական հիմքը 34 միջազգային պայմանագիր է կազմում (22 միջպետական եււ միջկառավարական, 12 միջգերատեսչական):

Երկկողմ միջկառավարական հանձնաժողովը համակարգում է առեւտրատնտեսական համագործակցությունը, նպաստում մշակութային, հումանիտար եւ գիտակրթական կապերի զարգացմանը: Ղազախստանցի ուսանողները սովորում են Հայաստանի համալսարաններում, իսկ Ղազախստանի հանրապետության ստեղծագործական կոլեկտիվներն ամեն տարի մասնակցում են տարբեր համերգային միջոցառումների եւ փառատոների:

Ինչ վերաբերում է երկու երկրների հարաբերությունների տնտեսական բաղադրիչին, ապա այն դինամիկ զարգանում է ԵԱՏՄ-ի ընդհանուր տնտեսական տարածքի շրջանակում, կարգավորման ընդհանուր կանոններով, ինչը հնարավորություն է տալիս կապիտալին եւ աշխատանքային միգրանտներին ակտիվորեն տեղաշարժվել առանց որեւէ խնդիրների: Առավել ուշագրավ խնդիր է ապրանքային առեւտրի փոքր ծավալը, ինչին խոչընդոտում են երկու երկրների տրանսպորտային եւ նյութատեխնիկական դժվարությունները:

Ղազախստանի համար հայկական արտահանման արտադրանքի կառուցվածքը բավականին կանխատեսելի է. առաջին տեղում կոնյակն ու գինին է, երկրորդում՝ զարդերը, ապա՝ դեղագործական, գյուղատնտեսական արտադրանքը եւ այլն:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ղազախստանում գրանցվել է 312 իրավաբանական անձ, մասնաճյուղ եւ ներկայացուցչություն հայկական կապիտալի մասնակցությամբ, որից 214-ը՝ գործող: Իսկ Ղազախստանի բիզնեսը հետաքրքրված է հայկական կողմի հետ սերտ համագործակցությամբ ՏՏ ոլորտում, նավթամթերքների շուկայի եւ առողջապահության ոլորտում: Հետեւաբար, Ղազախստանի շահագրգիռ հաստատությունները քննարկում են Նուր Սուլթանում երեւանյան TUMO Creative Technologies-ի անալոգը բացելու հարցը:

Երկկողմ համագործակցության մշակութային շերտից իրադարձություն էր դարձել «Ռուհանի ժանգիրու» պետական ծրագրի շրջանակում «Ղազախական գրականության անթոլոգիա» գրքի հայերեն լեզվով հրատարակումը Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ