News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  հիմնադրած «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որի առնչությամբ քրեական գործ է հարուցված ԱԱԾ–ում, իր  գործունեության 7 տարվա ընթացքում 31,7 մլրդ դրամ հարկ է վճարել պետական բյուջե, որից 11, 5 մլրդ–ը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները։ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որը  ներկայացնում է «Շանգրի լա» խաղատունը  և «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը, 2020թ. առաջին եռամսյակի տվյալներով 25–րդն  է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում։ «Օնիրա քլաբ»–ի բաժնետերեր են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, և 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ» կոնցեռնը։

Նշենք, որ դեռևս այս տարվա ապրիլին քննարկվում էր «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2013թ. տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողության դադարեցման հարցը, սակայն Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ապրիլի 30–ի նիստում հաստատել է «Օնիրա Քլաբ»–ի վերաբերյալ եզրակացությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարճել է վարչական վարույթը։ Բայց այս որոշումից երկու ամիս անց ԱԱԾ–ն պարզեց, որ ոչ միայն առկա է լիցենզիայի տրամադրման հետ կապված խախտում, այլև դրա արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29.7 մլրդ ՀՀ դրամի վնաս է պատճառվել։

Հայաստանի կառավարությունը բազմիցս խոսում է ներդրումային միջավայրի բարելավման մասին, սակայն միմյանց  հակասող իր իսկ որոշումներով մեծ վնաս է հասցնում տնտեսությանը, որի վրա հենց հենվում է կառավարությունը։ Սա առավել մտահոգիչ է հատկապես համավարակի տարածման համատեքստում, երբ համաշխարհային տնտեսությունը գտնվում է խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։

 Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված ԱԱԾ քննչական դեպարտամանտում երեք քրեական գործ է քննվում, որոնցից մեկն առնչվում է առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ