News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Քանի որ Ազգային ժողովը որոշել է Սահմանադրական փոփոխությունների հարցով չդիմել ՍԴ, դրանով խախտում է Սահմանադրության հոդվածը, որտեղ գրված է, որ Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված ԱԺ-ն առաջին ընթերցումից հետո դիմում է ՍԴ, եւ սա իմպերատիվ դրույթ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի միջոցով Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագծին:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի այն տեքստը, որ պետք է քննարկվի, այսօր նոր ենք ծանոթացել եւ ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքից, այլ լրատվամիջոցների հրապարակումներից:

Դա փաստում է, որ մայր օրենքում կատարվող փոփոխություններին անգամ պատգամավորները չեն կարողանում ժամանակին ծանոթանալ: Այս հրատապությունը կրկին փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին:

Դուք գիտեք, որ արդարադատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք հայցելու համար, բայց չեն սպասել այդ կարծիքին եւ պատգամավորներով  նախաձեռնել են փոփոխություն Սահմանադրության 213-րդ հոդվածում: Սա կրկին անգամ անտրամաբանական է. չի կարելի միջազգային կառույցից ինչ-որ բան հայցել եւ չսպասելով այդ պատասխանին, գործընթսցները կազմակերպել»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ եթե հանրաքվեով հարցը լուծելու դեպքում Հրայր Թովմասյանը պետք է դուրս մնար ՍԴ-ից, այս նախագծով նա մնալու է ՍԴ անդամ. այստեղ գործարքի որոշակի տարր կա:

 «Ես չգիտեմ, թե այդ զիջումն ինչի հաշվին է արվում, ինչու պետք է  Հրայր Թովմասյանը մնա»,- ասաց նա:

Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաեւ ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Նկատենք, որ ՍԴ-ում 3 դատավոր կա, որ 12 տարուց ավելի է պաշտոնավարում, իսկ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի, հետեւաբար, նա կմնա ՍԴ անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ