News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՌԴ միգրացիոն օրենքները խախտած Հայաստանի 5 քաղաքացի ամիսներ շարունակ Նիժնի Նովգորոդ քաղաքի՝ արտաքսվողների համար նախատեսված հատուկ կացարանում են, համավարակով պայմանավորված՝ նրանց Հայաստան չեն ուղարկում, խմբերով պահում են կացարանի փոքր խցերում՝ կալանավորի առօրյայով։ 

«5 ամիսը շուտով կլրանա, որ ես այստեղ եմ։ Պատճառն այն է, որ մեկ օրով խախտում էի թույլ տվել եւ ուշ էի ներկայացրել փաստաթղթերս։ Անձնագրայինում անձնագիրս վերցրին, ուղարկեցին դատարան, պետք է իբրեւ 10 օր մնայի, բայց կարանտինը սկսվեց, չուղարկեցին Հայաստան, արդեն 4 ամիսը լրանում է, որ այստեղ եմ։ Անօրինական պահում են։ Զանգում ենք դեսպանատուն, ասում են՝ ոչինչ չենք կարող անել, մեզնից ոչինչ կախված չի, իրենք պետք է ձեզ ուղարկեն, որ մեք էլ ուղարկենք Հայաստան, իսկ «սպեցպրիյոմնիկ»-ն էլ ասում ա՝ մենք ոչ մի բան չենք կարող անել, ձեր Հայաստանը ձեզ չի ընդունում կորոնավիրուսի պատճառով։ Բայց ինչպ՞ս է պատահում, որ պարբերաբար թռիչքներ են կազմակերպում, 200 հոգու տեղափոխում են, 5 քաղաքացու չեն կարողանում ընդունել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կարեն Մաքսուդյանը։

Բացի նրանից՝ եւս 4 հայ կա կացարանում։ Նրանք միմյանց հետ շփվել են կարողանում միայն օրական 40-45 րոպեի ընթացքում, երբ թույլատրվում է խցերից դուրս գալ եւ առանձին ճաղավանդակավոր խցում մաքուր օդ շնչել։ Այդ ժամանակը, սակայն, նաեւ, նրանց միակ հնարավորությունն է ընտանիքի անդամների հետ հեռախոսով շփվելու, քանի որ բջջայիններ օգտագործել խցերում չի թույլատրվում, ապրում են կալանավորի կյանքով, բանտային պայմաններում։ 

«Բերդից ոչնչով չի տարբերվում։ Ժամով հանում են դուրս, հեռախոս են տալիս, կերակրում են, 10-ից հետո հեռուստացույց նայելու իրավունք չկա, լողանում ենք շաբաթը մի անգամ։ Եթե դրսում մարդ ունես ծանոթ, ամեն չորեքշաբթի տեսակցության օր ա, կարան պերեդաչի բերեն, բայց չեն թողում 10 մետրից ավելի մոտ գնաս։ Եթե 10 մետրից ավելի մոտ գնացիր, կգցեն առանձին սենյակ 10 օրով՝ որպես տույժ»,- պատմեց տղամարդը՝ նշելով, որ նույն խցում են ապրում մի քանի հոգով։ 

Նույն կացարանում մի քանի տասնյակ այլ երկրի քաղաքացիներ նույնպես կան, այդ թվում՝ կանայք։ Օրեր առաջ նրանք իրենց բողոքն էին հայտնել ռուսական լրատվամիջոցներով, ինչից հետո որոշ մասի խնդիրը լուծվել էր, տեղափոխվել են իրենց երկրներ։ 

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղյակ է և հարցի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ՌԴ պատկան մարմինների հետ՝ քաղաքացիներին վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու և Հայաստան վերադարձը կազմակերպելու համար: Գործում ներգրավված են նաև Նիժնի Նովգորոդում հայ համայնքի ղեկավարությունը:

 

Տպել
Ամենաշատ