News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 15 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանի ընտանիքի գազը «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում էր անջատել՝ 13 հազար դրամ պարտք ունենալու պատճառով, սակայն չի անջատել, որովհետեւ մարզպետի օգնականն է վճարել պարտքը։ Մարտիկ Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում վրդովված պատմեց, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում իր ընտանիքում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, սակայն չէր սպասում, որ կարող են անգամ գազն անջատել։

Նա ասաց, որ այսօր, առանց նախազգուշացման, իր տուն բրիգադ են ուղարկել, որպեսզի տան գազն անգատեին:

«28 հազար դրամ է կազմել, որից 15 հազարը մուծել եմ: Իրենց ասացի, որ նպաստը ամսի 20-ից հետո եմ ստանում, համբերեք ստանամ, որ կարողանամ վճարել, բայց դա իրենց չի հետաքրքրում»,- ասաց նա։

Մարտիկ Մելքոնյանն ասաց, որ այդ ընթացքում զրուցել է Վեդիի տարածքային գազի գրասենյակի տնօրենի հետ, ներկայացրել իրավիճակը, ասել, որ ընտանիքում ոչ ոք չի աշխատում, սակայն վերջինս թույլ չի տվել անգամ իր խնդիրը ներկայացնել. «Ինձ ասաց՝ պարտք ես`պետք է վճարես ու հեռախոսն էլ  անջատեց»։

«Հարցը նրանում է, որ իրենք առանց տեղյակ պահելու, ոչ մի բան հաշվի չառնելով` գալիս անջատում են: Տպավորություն է, որ  ժողովրդի հետ պրինցիպի են ընկել, չեմ հասկանում ինչի համար»,- ասաց նա:

Մարտիկ Մելքոնյանը նշեց՝ իրավիճակից ելնելով են պարտք մնացել. «Վարչապետն է հայտարարում է, որ անապահով ընտանիքներից, նպաստառուներից չպետք է պահանջել կոմունալ վճարումներ, բայց ի՞նչ է կատարվում իրականում։ Արդյոք սա ոտնձգություն չէ՞ թե´ պետության,  թե´ ժողովրդի դեմ. ո՞րն է նրանց քաղաքականությունը: Ինքս որպես բազմազավակ ընտանիքի հայր, որպես «Ծնողական փառքի» մեդալակիր, որպես երրորդ կարգի հաշմանդամ, տղաս էլ շատ տղաների նման՝ առաջնագծում սահման է պահում, այսինքն՝ այսքան բանը ոչ մի նշանակություն չունի՞, եթե էներգետիկ ռեսուրսները ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում  վաճառվել է նման  ընկերության, այսօր պետք է մեզ այսպես ճնշա՞ծ պահեն»։

Հարցին՝ արդյոք ինքը օգտվե՞լ է պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերից, Մելքոնյանն ասաց, որ օգտվել է 13-րդ ծրագրից. «13-րդ ծրագրով՝ նպաստի 50 տոկոսի չափով գումարի հատկացում է եղել եւ քանի որ նպաստառու ենք հանդիսանում, աջակցության մյուս ծրագրերից չենք կարող օգտվել։ Բա ասում էին սոցիալական աջակցություն են անում, բա ու՞ր է, չեմ հասկանում: Իրենց ուժը մենակ բազմազավակ, անապահով ընտանիքների վրա է պատո՞ւմ:

«Թող «Գազպրոմ Արմենիան» աջակցեր, միթե չէ՞ր կարող մի քանի օրով  13 հազար դրամի վճարումը հետաձգեր, եթե այսպես շարունակվի, վերցնելու եմ երեխաներիս, գնամ  «Գազպրոմ Արմենիան»-ի դիմաց բողոքելու, թող դուրս գա, մեր հարցերին պատասխանի»։

Տպել
Ամենաշատ