Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր՝ մայիսի 11-ին պաշտոնապես բացվեց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Կրթության եւ գիտության նախարարը,  Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանը, Microsoft եւ Dell ընկերությունների ներկայացուցիչները եւ այլ հյուրեր։

Կենտրոնի հիմնական նպատակը Հայաստանում նորարարության խթանումն է, նոր գաղափարների բացահայտումն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտում նոր լուծումների ստեղծումն ու ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում: Առաջիկա 3 տարիների համար կենտրոնի ծրագրով նախատեսվում է Հայաստանի ՏՏ ոլորտում 200 նոր աշխատատեղերի ստեղծում, 50 գործող ձեռնարկությունների աջակցություն, 10  նորաստեղծ ձեռնարկությունների կայացում եւ 20 ծրագրային ինովացիոն ապրանքատեսակների ստեղծում իրականացնել։

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց առաջին խնդիրը լինելու է այն, որ ինովացիոն կենտրոնի աշխատանքներում ակտիվորեն ներգրավվեն ոչ միայն արտասահմանյան, այլեւ բազմաթիվ տեղական- հայկական ընկերություններ։

«Մենք ասում ենք՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ է, բայց հենց գնում ենք խանութ՝ ոչ մի հայկական պրոդուկտ, բառարան, թարգմանիչ, նույնիսկ խաղ գրեթե չկա»,-ասաց Գ. Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ նորաստեղծ կենտրոնի առաջին խնդիրը տեղական ընկերություններին աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի նրանք աութսորսինգ պրոդուկտներից անցնեն սեփական պրոդուկտներ ստեղծելուն։

Նշենք, որ Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի ծրագիրը արժե շուրջ 2,5 մլն դոլար։

Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` ՀՀ կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Microsoft-ի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աջակցությամբ:

Կենտրոնին տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Dell եւ «ԱրմենՏել» ընկերությունները: