Ռուսաստանը կգործարկի բոլոր հնարավորությունները, որ կարգավորի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս սրացումը: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ եւ կդրսեւորենք ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միան [կարգավորենք] ներկայիս սահմանային կոնֆլիկտը, այլեւ՝ որ մեզ համար եղբայրական եւ մերձավոր երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն ընդհանրապես բարելավվեն: Ռուսաստանն այդպիսի հնարավորություններ ունի, մենք քանի անգամ դրանից օգտվել ենք, այդ թվում՝ 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերջին բռնկման ժամանակ: Ես վստահ եմ, որ մեր բոլոր հնարավորությունները կգործարկվեն»,- ասել է նա:

Փոխնախարարը նշել է, որ «հիմա ամբողջ միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է հնարավորինս արագ դադարեցնել այն, ինչ [Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին] տեղի է ունեցել վերջին 2 օրերին»: «Այս կապակցությամբ անչափ կարեւոր է այն պետությունների հավասարակշռված դիրքորոշումը, որոնք նաեւ Մինսկի խմբի անդամ են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խումբը շատ ավելի մեծ թվով պետությունների է միավորում, քան միայն երեք համանախագահողներն են: Այն երկրները, որոնք շրջապատում են, որոնք սահմանակից են այդ տարածաշրջանին, պետք է դրսեւորեն առավելագույն հավասարակշռություն, պատասխանատվություն եւ զսպվածություն, այդ թվում՝ հրապարակային հռետորաբանության մեջ»,- ասել է Ռուդենկոն: