Տավուշցին երբեք իր գյուղերը չի լքել ու չի լքի, հատկապես այսպիսի ժամանակներում մենք ավելի ամուր ենք կանգնած մեր հողին, մեր զինվորների թիկունքին եւ անհրաժեշտության դեպքում ամեն վայրկյան պատրաստ ենք նրանց կողքին կանգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են Չինարիի  բնակիչները։

«Մեր գյուղի բնակիչները մինչեւ հիմա մի մարդու նման կանգնած են, իրենց գյուղը չեն լքել ու չեն լքի», ասել է չինարեցիներից մեկը, վստահեցնելով, որ ոչ հրետակոծությունն է վախեցնում իրենց, ոչ էլ հակառակորդի ձախորդ հարձակումները, եւ իրենք շարունակում են ապրել առօրյա հոգսերով, ժամանցի ավանդական զբաղմունքներով։

«Մենք վախեցած չենք, ոչ մի տեղ չունենք գնալու եւ մեր հայրենիքը պաշտպանելու ենք մինչեւ վերջ: Մենք միշտ պատրաստ ենք զինվորի կողքին կանգնելու: Այստեղ ամեն ինչով էլ զբաղվում ենք, շարունակում ենք այգի մշակել, նարդի էլ ենք խաղում, եթե պետք է լինում, օգնում ենք մեր մյուս համագյուղացիներին: Այսպիսի պահերին ավելի ենք մտերմանում, մեր զինվորն էլ է տեսնում, որ գյուղացիներն իրենց թիկունքին ամուր կանգնած են»:

Չինարեցին նշել է, որ հատկապես վերջին օրերին մեծ հպարտություն են ապրում Հայկական Բանակի համար, ընդգծել, որ ընդհանուր գործի արդար լինելու եւ վերջնական հաղթանակի հարցում վստահությունն ու հուսալիությունը զինվորներից իրենց է փոխանցվում, իրենցից էլ զինվորներին։

«Մեր զինվորների ցավը տանեմ, էս 3-4 օրվա մեջ ցույց տվեցին, թե ինչ արծիվ տղերք ունենք, իրենց հալալ է»,-ասաց նա:

Համագյուղացու միտքը շարունակել է 80-ն անց մեկ այլ չինարեցի, ընդգծելով, որ աչքերը բացել է այս գյուղում եւ այստեղ էլ ապրելու է մինչեւ կյանքի վերջը․

«Մենք թուրքից չենք վախենում, ես գիտեմ դրանց, վախկոտ ցեղ են: Մենք բոլորս միավորված, մեր երկիրը, մեր գյուղը պաշտպանում ենք, իրար օգնության հասնում: Մեր գյուղի ավանդույթը էդ ա»: