Մայիսի 13-ին ժամը 01:30-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 1 շենքի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, որն ավարտվել է մահով:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 36-ամյա Արշակ Մաթեւոսյանը, վարելով Volkswagen Passat մակինիշի 19 ՏՍ 444 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 64-ամյա թոշակառու Արարատ Ջանոյանին եւ թողնելով անօգնական վիճակում , դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Շմավոնյանն ու ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Դեպքի վայր էին ժամանել նաեւ Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ:
Ականատեսները պատմել են, որ Volkswagen Passat-ի վարորդին դեպքի վայրից փախուստի դիմելիս հետապնդել են Երեւանի ՃՈ աշխատակիցները, ովքեր էլ նրան բերման են ենթարկել Ճանապարհային ոստիկանություն:
Երբ ֆոտոլրագրողը փորձել է նկարահանել նրան, վրաերթի հեղինակը ցինիկաբար հայտարարել է, թե. «Խմել եմ, նստել քշել եմ»:
Պարզվել է, որ նա աշխատում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում որպես ավագ հարկային տեսուչ:
Բժշկական հետազոտությամբ պազրվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:













Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























