News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օնլայն հարթակում ձեռագործ աշխատանքների վաճառքով զբաղվողներն ահազանգում են, որ «Հայփոստը» կրկնակի թանկացրել է մինչև 1 կգ քաշ ունեցող ապրանքային ներդիրով ծանրոցների սակագները, ինչը հարվածի տակ է դնում Հայաստանում գործող գերփոքր բիզնեսներին։ Շատերը դժգոհում են, որ այսուհետ շատ ապրանքների դեպքում առաքումն ավելի թանկ կարժենա, քան վաճառված իրը:

Շապիկների և բաժակների մասնագիտացված տպագրատուն–արտադրամասի հիմնադիր Ռոբերտ Մուրադյանը NEWS.am–ին հայտնեց, որ եթե նախկինում օրինակ նորածնի շապիկը մարզ առաքելու համար ինքը վճարում էր 190 դրամ, ապա նոր սակագնով կրկնակի ավելի է վճարելու։

«2012թ. սկսած այս սակագներն են գործել և որևէ անգամ աշխատակիցները մեզ չեն զգուշացրել, թե մեր ուղարկած մանր ապրանքը փաստաթղթային առաքանի է, թե ապրանքային ներդիրով առաքանի, վճարել ենք սահմանված գումարը, և մեր ապրանքը տեղ են հասցրել։ Սակայն շաբաթ օրը «Հայփոստի» մասնաճյուղերից մեկից ուղարկվող փոքր ապրանքի համար ստիպված եղա 1260 դրամ վճարել, մինչդեռ նախորդ օրը այդ նույն ապրանքը 190 դրամով էի ուղարկել։ Իսկ արդեն երկուշաբթի պարզ դարձավ, որ գնացուցակը վերանայել են, նոր սանդղակ մշակել՝ համաձայն որի՝ մինչև 1 կգ կշռով ծանրոցի համար պետք է վճարել 300-1260 դրամ գումար։ Երևի իրենք էլ տեսան, որ աբսուրդ է 200 դրամանոց աչքի մատիտը կամ 150 դրամանոց մանկական գոգնոցը քաղաքի մի ծայրից մյուսը հասցնելու համար 1260 դրամ վճարել։ Այսինքն եթե շաբաթ օրվա դրությամբ 10  անգամ էր թանկացել, ապա հիմա 3-4 անգամ, այսինքն սակագներն այնուամենայնիվ փոխվել են՝ ի վնաս քաղաքացիների»,–ասաց մեր զրուցակիցը։

Ռոբերտ Մուրադյանի խոսքով՝ թանկացման պատճառն, ամենայն հավանանությամբ, պահանջարկի ավելացումն է։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ, երբ հանրային տրանսպորտի հետ կապված սահմանափակումներ կային, հատկապես երբ չէր գործում միջմարզային տրանսպորտը, փաստային առաքումների ծավալը շեշտակի ավելացավ։ Մինչդեռ «Հայփոստ» ընկերությունը հերքում է առաքման սակագները բարձրացնելու վերաբերյալ տեղեկությունները։

Իսկ ինչ վերաբերում է օնլայն խանութների կողմից նախկինում ավելի ցածր սակագներ վճարելուն, «Հայփոստ» ՓԲԸ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը պատասխանել է.

«Դեռ նախկին ժամանակներից խախտումներ են եղել եւ ապրանքային ներդիրով առաքանիները բիզնես իրականացնողների կողմից ձեւակերպվել եւ ուղարկվել են որպես փաստաթղթային առաքանի, ինչի արդյունքում մարդիկ օրենքով սահմանված սակագնից ցածր են վճարել։ «Հայփոստ» ընկերությունը մեկնարկել է կարգապահական քննություն, ինչպես նաեւ՝ խստորեն հրահանգավորել է աշխատակիցներին գործել դեռ 2001թ.-ից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշման եւ օրենքի շրջանակներում»:

 Անդրադառնալով «Հայփոստի» այս պարզաբանմանը, Ռոբերտ Մուրադյանն արձագանքեց.

«Պարզվում է ութ տարի «օրենքի խախատմամբ» են աշխատել և այդ մասին ոչ ոք չի բարձրաձայնել, իսկ հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է և ամեն օր խոսվում է մարդկանց միջև շփումները նվազագույնի հասցնելու մասին, ենթադրվում է պետք էր շեշտը դնել առաքման ծառայություններից օգտվելու վրա, մեկ գիշերում կրկնակի թանկացնել մանր ապրանքների առաքման սակագները, ճիշտ մոտեցում չէ։ Այս փոփոխություններից տուժելու են հիմնականում մարզերի բնակիչները, հատկապես  մարզերում Handmade զարդեր, աքսեսուարներ պատրաստող և առաքման միջոցով իրացնողները»,–ասաց նա։

Մուրադյանը միաժամանակ դժգոհեց «Հայփոստի» մատուցած ծառայությունների որակից։ Նրա խոսքով՝  շատ հաճախ իրենց միջոցով ուղարկված ապրանքները ուշացումներով են տեղ հասնում, եղել են դեպքեր որ ապրանքը կորել է կամ մինչև տեղ հասցնելը վնասվել է և դա որևէ մեկը չի փոխհատուցե

Նշենք որ ներպետական նամակագրական թղթակցության ծառայությունները մատուցվում են միայն «Հայփոստ» ընկերության կողմից, որը հետեւաբար չունի մրցակից եւ տվյալ ապրանքային շուկայում հանդիսանում է գերիշխող դիրք ունեցող:

NEWS.am–ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվեց, արդյոք  «Հայփոստի» կողմից չհիմնավորված, խտրական գների սահմանման կամ կիրառման վերաբերյալ ահազանգեր ստացել են և ուսումնասիրել են խնդիրը։

Ի պատասխան՝ ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ տվյալ հարցը գտնվում է ՏՄՊՊՀ ի ուշադրության կենտրոնում։

Տպել
Ամենաշատ