News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կարգ է փոխվել և բավականին ուշ, և դիմորդներից շատերը չեն իմացել, որ կարող են առաջին հայտով մրցակցությունից դուրս մնալ և միայն առաջին հայտերը լրանալուց հետո, եթե լիցենզիայով սահմանված տեղերն ազատ լինեն, նոր իրենք հնարավորություն կունենան սովորելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Սոֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով քննական բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների դժգոհություններին։

Իշխող ուժի պատգամավորն ընդգծում է, որ մեկ քննության պարագայում, պարզ է՝ մրցակցությունը մեծ էր լինելու և պետք էր հաշվարկել, որ հնարավոր է նման խնդրի առաջ կանգնեն։ Դիմորդներն իրենց դժգոհությունների մասին խոսել են նաև պատգամավորի հետ։ Սոֆյա Հովսեփյանը իրավիճակը խնդրահարույց է համարում։

«Երեխայի մոտիվացիան կոտրում են, երբ ասում են՝ ոչինչ, թող մյուս տարի դիմի, դա նախ ժամանակի հարց է, երկրորդը՝ ծախսի։ Երեխան չի կարող ամբողջությամբ ինքուրույն սովորել, ցավոք, մեր դպրոցները դրա հնարավորությունը շատ հազվադեպ են տալիս, այսինքն՝ դուրս է գալիս, որ երեխան պետք է կրկնուսույցին կրկին մեկ տարվա գումար տա, այն դեպքում, երբ կարող էր վճարովի սովորել և մեկ տարվա վճար տալ»,- նկատեց նա։

Պատգամավորն արձանագրում է՝  ցավոք, մասնագիտական կողմնորոշում չկա, և հաճախ դիմորդները մասնագիտությունն ընտրում եմ ծնողների խորհրդով, նույնիսկ՝ պահանջով, կամ էլ հեղինակավոր համարվող մասնագիտություններ են ընտրում։

Սոֆյա Հովսեփյանը հավելեց նաև, որ երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հանդիպում է կայացել կրթության գերատեսչության մասնագետների հետ, որոնց առաջարկություններ են ներկայացվել։

«Մենք առաջարկել ենք, որպեսզի հնարավորություն ընձեռվի 739 ուսանողներին հունվար ամսին, երբ քննություններ կհանձնեն, գնահատում անցկացվի՝ հասկանանք, արդյո՞ք պետք է առաջին հայտով 8,5 միավորով անցնողը սովորի, թե՞ այն մարդը, որը 18-ով չի անցել առհասարակ»,- նշեց նա։

Սոֆյա Հովսեփյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԿԳՄՍ նախարարությունից հանրային քննարկման ներկայացված Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի մասին, որը վերաբերում է գրականությանը։ Ըստ այդ նախագծի՝ ավագ դպրոցում «Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանվելու է, որովհետև առարկայի մեջ ընդգրկվելու է նաև արտասահմանյան գրականություն։ Ֆեյսբուք սոցիալական ցանցերում որոշ քաղաքացիներ, ոլորտի մասնագետներ դժգոհություն են հայտնել, որ ըստ այդ նախագծի՝ առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից հանվելու են այնպիսի նշանավոր հայ հեղինակներ, ինչպիսիք են Մովսես Խորենացին, Եղիշեն, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Մխիթար Գոշը և այլ հայ հեղինակներ։

«Ես խնդիր չեմ տեսնում գրականություն բառը փոխելու առումով, որովհետև մենք էլ ժամանակին անցել ենք «Քրիստոմատիա և գրականություն», որը հետագայում փոխվեց «Հայ գրականություն»։ Բայց ես խնդիր եմ տեսնում, եթե մենք մեր դասականներին հանելու ենք, դրա փոխարեն բերենք միջազգային գրականություն, դա անընդունելի է»,-ասաց նա ու հավելեց, որ դեմ չէ, որ «Հայ գրականություն» առարկայում զուգահեռ որոշ ժամեր տրամադրվեն նաև համաշխարհային գրականությանը, բայց ոչ հայ հեղինակներին դուրս հանելու հաշին, այլ համաշխարհային գրականության համար թեկուզ մեկ դասաժամ հատկացնելով։

Սոֆյա Հովսեփյանն ընդունում է՝  եթե թռիչքաձև փոփոխություններ ենք ցանկանում կրթության ոլորտում, ապա այդ փոփոխությունները պետք է զարգացում տան, ոչ թե վատթարացնեն վիճակը։ Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ դպրոցում աշակերտները ծանրաբեռնվում են Նարեկացիով, Խորենացիով, Եղիշեով և այլ հեղինակներով։

«Մենք բոլորս, նաև նրանք, ովքեր այդ ծրագիրը գրել են, դաստիարակվել ենք Նարեկացիով, Խորենացիով, Քուչակով, Գոշով։ Եթե մենք դպրոցում Մխիթար Գոշ չանցնենք, ապա որտե՞ղ պետք է անցնենք։ Կամ եթե երեխան որոշել է՝ չպիտի բարձրագույն կրթություն ստանա, իրեն փողոցում հարցնեն՝ ո՞վ է ստեղծել հայոց տառերը, ի՞նչ պատասխանի նա։ Մի շարք հարցեր կան, որոնք պետք է հաշվի առնենք, և երբեք չնայենք, որ երեխան կմեծանա, կորոշի»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով ժամանակակից գրողներին, նա ընդգծեց, որ այդ հարցում պետք է խիստ մոտեցում ցուցաբերվի։ Սոցիալական ցանցերում որոշ հրապարակումներ է տեսել, որոնք նրա դուրը չեն եկել։

«Ոչ թե պետք է մեծությունները փոխարինվեն, այլ կարևորվեն, հետո նոր, ինչու չէ, նաև անցնեն ժամանակակից գրողների։ Բայց այնպիսի խոսքեր, բառեր, որոնք դաստիարակող, մտածելու հնարավարություն տվող լինեն։ Այսօրվա մեր ժամանակակից գրողներից կային մեր դասագրքերում, նաև Գրողների միության նախագահի բանաստեղծություններից կային, որ օրինակ՝ ես, երբեք չէի ցանկանա նույնիսկ ընթերցել»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարարը միշտ եղել է քննադատությունների թիրախում, նրան մեղադրում են հայագիտական առարկաները դպրոցական ծրագրից հանելու մեջ, Սոֆյա Հովսեփյանն ընդգծում է, որ նախարարն այն մարդն է, որը միշտ խոսել է Հայոց լեզվի կարևորության մասին։

«Ցավով եմ նշելու, բայց ոլորտը համակարգող փոխնախարարները, որոնք չափորոշիչ են մշակել, իրենց ձևավորած խումբն է նոր չափանիշներով չափորոշիչ ստեղծել։ Պարոն Հարությունյանը միգուցե շատ ուշադիր պետք է լիներ և վերահսկեր, և որևէ կերպ թույլ չտար նմանատիպ բացթողումներ, բայց, իհարկե, հիմա չափորոշիչները քննարկման են դրված և իր գործունեությունը քննարկումից հետո է սահմանվելու, որ առաջարկներն իր հետ քննարկվեն և ընդունվեն, իսկ մինչև այդ եթե ոլորտը բոլոր գործերն անի, բա ինչի՞ համար են փոխնախարարները»,- ընդգծեց նա։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ