News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Էրդողանը մեծ երազանք ունի․ 2023 թվականին, Թուրքիայի Հանրապետության 100 տարին լրանալուց հետո ավարտվի Աթաթուրքի հանրապետությունը եւ սկսվի իր  հանրապետությունը, Էրդողանի Թուրքիան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույց ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու Թուրքիայի իշխանության քայլի վերաբերյալ Ակադեմիայի թղթակից անդամը նշել է, որ մի քանի հանգամանք կա, եւ պետք է վերլուծել եւ հասկանալ, թե այդ հանգամանքներն ինչպե՞ս ազդեցին Էրդողանի որոշումների վրա․

«Էրդողանը մեծ երազանք ունի․ 2023 թվականին, երբ լրանա Թուրքիայի Հանրապետության 100 տարին, սկսվի նոր՝ երկրորդ Հանրապետության պատմությունը, որովհետեւ այն պետությունը, որ հիմա կա, Աթաթուրքինն է։ Նա երազանք ունի 2023 թվականին հայտարարել, որ նոր Թուրքիա է սկսվել եւ դա Էրդողանի Թուրքիան է։ Եվ, այս առումով, նրա համար կարեւոր էր, որ ինքը հակադրվի Աթաթուրքին։ Քեմալ Աթաթուրքը, ինչպպես հայտնի է, աշխարհիկ մտածելակերպ ունեցող գործիչ էր, եւ նա էր 1934 թվականին ընդունել այդ որոշումը, որ սուրբ Սոֆիայի տաճարը վերածվի թանգարանի։ Էրդողանին պետք էր մի այսպիսի խորհրդանշական քայլ, որով նա ցույց կտար, որ տարբերվում է Աթաթուրքից եւ գնում է իսլամացման ճանապարհով եւ այդ քայլն իր համար կարեւոր էր»։

Ըստ թուրքագետի՝ նաեւ պետք է հաշվի առնել ներքին քաղաքական բավական անբարենաստ իրավիճակը, որում հայտնվել են Էրդողանը եւ իր կառավարած կուսակցությունը, որովհետեւ վարկանիշն անկում է ապրում, եւ այդ քայլը նպատակ ունի Էրդողանի եւ իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շուրջը համախմբել երկրի բնակչության իսլամամետ հատվածը, որը մեծ մեծ է Թուրքիայում։

«Այդ քայլն ունի նաեւ արտաքին քաղաքական որոշակի նպատակներ, որոնցից կարեւորը հետեւյալն է. Թուրքիան ուզում է իրեն ներկայացնել որպես իսլամական աշխարհի սուննի հատվածի, որը մեծամասնությունն է, առաջնորդներից մեկը, եթե ոչ միակ առաջնորդը։ Եվ, այս առումով, շատ կարեւոր է, որ ցույց տրվի, որ Թուրքիան իր ձեռքում պահում է իսլամական աշխարհի երրորդ կարեւորագույն կենտրոնը։ Եթե առաջինը Մեքքան եւ Մեդինան են, երկրորդը՝ Երուսաղեմը, երրորդը Կոստանդնուպոլիսն է։ Այս իրադարձությունը Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս ներկայացվում է որպես Կ․ Պոլսի նոր նվաճում։ Եվ սա, ըստ Էրդողանի հաշվարկների, պետք է վերահաստատի Թուրքիայի կարեւոր նշանակությունը իսլամի սուննիական աշխարհում։ Էրդողանն իսլամական աշխարհին ուղերձ է հղում, որ Թուրքիան ներկայանում է որպես իսլամական աշխարհի գոնե սուննիական հատվածի առաջնորդ պետություններից մեկը։ Իսկ աշխարհին ուղերձն այն է, որ Թուրքիան ցույց է տալիս, որ ինքն, ըստ էության, կարող է անել շատ բան, ինչ ցանկանում է։ Հաշվարկն այն է, որ, այո, մենք կարող ենք մեզ թույլ տալ այնպիսի արարքներ, որոնք քաղաքակիրթ աշխարհի մեծաամասնությունը  դատապարտում է։ Մենք տեսանք, որ նույնիսկ Թուրքիայի դաշնակիցները, օրինակ՝ ԱՄՆ-ն դատապարտեցին։ Բայց Թուրքիան համոզված է, որ իրենց աշխարհաքաղաքական նշանակությունը, աշխարհագրական դիրքը Արեւմուտքի համար, քաղաքակիրթ աշխարհի համար ավելի մեծ կարեւորություն ունի եւ նրանք կարող են իրենց շատ բան թույլ տալ», նշել է Ռուբեն Սաֆրաստյանը։

Ակադեմիկոսն ասել է, որ կարծում էր, թե Ռուսաստանը ավելի հստակ կարտահայտի իր բացասական դիրքորոշումն այս արարքին, քանի որ Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել դեռեւս միջնադարից եկող այն գաղափարական հայեցակարգը, ըստ որի Ռուսաստանն է հանդիսանում Բյուզանդական կայսրության շարունակողը եւ Մոսկվան երրորդ Հռոմն է, բայց դա տեղի չունեցավ․

«Սա պետք է բացատրել այն հատուկ հարաբերություններով, որ գոյություն ունեն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Ռուսաստանը հետ հանգնեց իր քաղաքական ընդհանրական մոտեցումներից՝ տուրք տալով Թուրքիայի հետ իր ներկայիս սիրախաղին»։

Արեւելագետը բնական է համարում, որ Հունաստանում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը շատ սուր ընդունվեց․

«Թուրքական իշխանություների այս քայլը Կ․ Պոլսի ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսի կողմից նույնպես լուրջ քննադատության արժանացավ։ Սա թուրքական կողմի հերթական այն քայլերից է, որոնք սադրում են եւ ավելի են վատացնում, ավելի սրում թուրք-հունական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները շատ կետեր ունեն, որտեղ դրանք վատ են կամ շատ վատ են, սա էլ կլինի դրանցից մեկը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ