News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը բացառում է, որ ԿԳՄՍ նախարարությունը կրթական նոր  չափորոշիչը մշակելիս միտված լիներ Գրիգոր Նարեկացուն, Մովսես Խորենացուն, Եղիշեին, Քուչակին և այլ հայ հեղինակների ծրագրից հանելուն։

«Հնարավոր է, որ մեթոդաբանական տեսանկյունից հասկացած լինեն, որ օրինակ՝ 4-րդ դասարանում երեխան ի վիճակի չէ ընկալել գրաբարով գրված ստեղծագործությունը, իսկ աշխարհաբար թարգմանվածը չի տալիս այն համն ու հոտը, հետևաբար, եկեք 4-րդից տեղափոխենք 6-րդ, կամ 6-րդից 8, 9-րդ։ Եվ հնարավոր է՝ կարծել են, որ  նույնիսկ 6-րդ դասարանում երեխան որպես պարտականություն հնարավոր է անգիր սովորի, բայց դա որևիցե նստվածք չտա, ճիշտ կլինի մեկ դասարան վերև բարձրացնենք  և  այդտեղ իջեցնենք ընկալելի ստեղծագործություններ։ Սա ես կարող եմ հասկանալ, բայց այն  պնդումները, որ դպրոցական ծրագրերից դուրս են գալիս մեր դասականները և նրանց փոխարինում են ժամանակակից գրողները, բացառվում է, այդպիսի բան լինել չի կարող»,- NEWS.am-ի հետ զրույցում ընդգծեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ժամանակակից  գրողներին առարկայում ընդգրկելուն, Լուսինե Բադալյանը շեշտում է, որ ժամանակակից հրաշալի գրականություն ունենք, նրանց պետք է տեղ հատկացնել, դրա կարիքն զգացվում է,  բայց ոչ դասականների հաշվին։

«Եթե մենք կարող ենք որոշակի բալանսավորված մատուցել դա երեխաներին, որովհետև այսօր էլ ես իմ երեխաներին տալիս եմ գրքեր կարդալու, իրենց համար շատ բաներ ընկալելի չեն։ Ես հիշում եմ, որ նրանց փոքր տարիքում տվեցի իմ այդ տարիքում ամենասիրելի գրքերից մեկը և ստիպեցի կարդալ, նրանք չհասկացան, որովհետև ոչ մի կերպ չէին հասկանում, թե  ինչպե՞ս կարող է փոստով եկած նամակը ճանապարհին կորել, որովհետև իրենք նամակը գրում են հեռախոսով, և դա ընկալելն իրենց համար բարդ էր»,- պատմեց նա։

Անդրադառնալով բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների բողոքի ակցիաներին՝ լուսինե Բադալյանն ասաց. «Սա նորություն չի, չէ՞, որ  առաջին հայտով երբ բալերդ չեն բավականացնում, ապա այլ մրցույթի ես մասնակցում, որովհետև հնարավոր է, որ մի մարդ, որի  բալերը քոնից  ցածր են, բայց առաջին հայտով այդ բաժինն  է դիմել, բնականաբար, ավելի մեծ շանսեր ունի։ Դա միշտ էդպես է եղել, ուղղակի չեմ հասկանում ի՞նչն է փոխվել, որ այս տարի էսպիսի մեծ  իրարանցում առաջացավ»։

Խնդիրը ըստ պատգամավորի՝ մրցույթի մեծ լինելու հետ է կապված և բարձր բալերով դուրս մնացողների հավանականությունը մեծ էր։

«Այնտեղ կային մի քանի դեպք, որ իսկապես ցավալի էր և այդ դեպքերով նախարարությունը զբաղվում է և եթե չեմ սխալվում լուծումը գտել է։ Բայց ես նաև տեսնում եմ իրավիճակից օգտվողների և հերթական անգամ աղմուկ բարձրացողների պակաս մենք չունենք, ուստի եթե իմանայի, որ օրենքում ինչ-որ կտրուկ փոփոխություն է եղել, ապա այս դեպքում հասկանալի կլիներ»,- նշեց Լուսինե Բադալյանը։

Իշխող ուժի պատգամավորի դիտարկմամբ՝ առաջին հայտի գերակայությունը գուցե արդար չէ, բայց տրամաբանված է։

«Իհարկե, կարծում եմ, որ սա վերանայման կարիք ունի։ Երբ մեկնաբանությունն այն է, որ մարդը եթե առաջին տեղով ընտրում է, ապա նա հատուկ ուզում է այդ մասնագիտությունը ստանալ,  կարծում եմ, որ դա շատ բացառիկ դեպքերում է էդպես, մի քիչ այդքան էլ դրա հետ համամիտ չեմ։ Այս տեսանկյունից, եթե մոտենաս, իհարկե, արդար չէ բարձր միավորներով  մարդկանց դուրս թողնելը, որովհետև բոլոր 8 բալ ստացածները չեն, որ առաջին հայտ են նշել, դա իրենց երազանքն է եղել, ուղղակի իրենց հնարավորություններն իմանալով,  նշել են այս կամ այն բաժինը, որտեղ ենթադրաբար մրցույթն ավելի փոքր էր լինելու»,- ասաց Լուսինե Բադալյանը։

Տպել
Ամենաշատ