«Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի հիմնադիր՝ Անահիտ Թարխանյանը, ով նաեւ հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ վիճարկելով Սեւանա լճի ափին հանրային լողափ կառուցելու որոշումը։
Նամակում մասնավորապես նշված է. «Սույն թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Սեւան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին։ Այդ որոշումն օրինական չէ եւ պետք է ճանաչվի անվավեր։ Որոշման նախագիծը պատրաստող ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները գիտեին, որ «Ֆլամինգո» լողափի հողամասը տիրապետում է «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ն։
Ես հիմնադրել եմ «Ֆլամինգո» լողափը 1996 թվականին եւ տասնհինգ տարի անընդմեջ հանդիսանում եմ այդ հողամասի բարեխիղճ վարձակալը եւ հողօգտագործողը։ Որոշման նախագիծը պատրաստողները նույնպես չէին կարող չիմանալ, որ այդ տարածքում ես ունեմ իմ սեփականությունը հանդիսացող տարբեր կառույցներ եւ բարեկարգումներ։ ՀՀ կառավարության որոշումն ընդունելու պահին ես տեղեկացված չեմ եղել, որ որեւէ իրավասու մարմին չեղյալ է համարել «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի կոմից հողամասի տիրապետումը։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունն իր որոշումն ընդունել է ինչ-որ պաշտոնատար անձանց ենթադրության հիման վրա, իբրեւ թե իրենք կարող են այդ հողամասի ճակատագիրը որոշել առանց փաստացի հողօգտագործողի կարծիքը հարցնելու»։
Նամակում այնուհետ նշվում է, որ Լեւոն Գալումյանի ճարտարապետական արհեստանոցը եւ «Նաիրիշին» ՍՊԸ-ն արդեն իսկ սկսել են աշխատանքներ կատարել վիճելի տարածքում։ Տիկ. Թարխանյանը նույնիսկ ակնարկել է, որ «Նաիրիշին» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարի հետ փոխկապված ընկերություն է։
«Չեմ կասկածում, որ կառավարության բոլոր անդամները գիտեն, որ ես արդար քրտինքով եմ վաստակում ընտանիքիս օրվա հացը։ Այդ պարագայում ՀՀ կառավարության որոշումը՝ ըստ էության զրկել ինձ «Ֆլամինգո» լողափը տիրապետելուց, առնվազն անբարոյական է։ Նման գործողությունն ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ նախագահի եւ կառավարության կողմից մարդու արժանապատվության եւ իրավունքների հիման վրա Հայաստանում հռչակված բարեփոխումների ծրագրին՚,- եզրափակել է նամակի հեղինակը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, կառավարությունը Սեւանի ափին նախատեսում է ստեղծել 3 հանրային լողափ։




























