News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի լուրը ցնցեց ողջ աշխարհը։ Ցեղասպանությունից մազապուրծ հայության համար Լիբանանը եղել է և կա հյուրակալ տուն, որտեղ պահպանվել և զարգացել են արևմտահայերենը և առհասարակ հայ մշակույթի մի ճյուղը։ Հատնանշական է, որ սիրիական պատերազմի հետևանքով հազարավոր սիրիահայեր ևս իրենց ապաստանը գտան Լիբանանում, որը այսօր էլ շարունակում է մնալ աշխարհում ամենահզոր հայկական գաղութներից մեկը։

Անշուշտ, այս արհավիրքի օրերին հայությունը և ողջ աշխարհը պետք է իրենց օգնության ձեռքը մեկնեն Լիբանանին։ Սակայն զուտ օգնություններով Լիբանանի և լիբանանահայության կենսունակությունը հնարավոր չէ վերականգնել, հետևաբար անհրաժեշտ է դիտարկել Լիբանանի սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրեր, որոնք կպահպանեն աշխատատեղերը և լիբանանյան ապրանքների համար կապահովեն իրացման շուկաներ։

2019 թվականի Լիբանանի ՀՆԱ-ն կազմել է 56,9 մլրդ ԱՄՆ դոլար (4 անգամ ավելի մեծ, քան Հայաստանի ՀՆԱ-ն)։ 2019 թվականին Լիբանանի տնտեսությունը գրանցել է 2,3 տոկոս անկում, իսկ Հայաստանի տնտեսությունը աճել է 7,6 տոկոսով։ Լիբանանի ՀՆԱ-ի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն առևտուրը (18%), շինարարությունը (16%), ծառայությունները (16%), տուրիզմը (11%) և գյուղատնտեսությունը (7%): Լիբանանի ընդերքը հարուստ է երկաթի հանքաքարով, կրով, ապակու պատրաստման համար ավազով և այլն։ Արդյունաբերական ապրանքներից առավել մրցունակ են ցեմենտը, կերամիկան, փայտից պատրաստված իրերը, էլեկտրական սարքավորումները և տեքստիլը։

2019 թվականին Լիբանանից արտահանվել է շուրջ 3,6 մլրդ ԱՄՆ դոլար արտադրանք (մարգարիտներ, թանկարժեք քարեր և մետաղներ, էլեկտրական սարքավորումներ, սնունդ, քիմիական նյութեր, մետաղական սարքավորումներ և այլն), այդ թվում՝ դեպի Հայաստան արտահանումը կազմել է 1,49 մլն ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լիբանան ներկրվել է 19,6 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք (հանքանյութեր, քիմիական արտադրանք, էլեկտրական սարքավորումներ, սնունդ մարդատար ավտոմեքենաներ և այլն), այդ թվում՝ Հայաստանից ներկրումը կազմել է 0,55 մլն ԱՄՆ դոլար։

Նախատեսվում է, որ 2020 թվականին Լիբանանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 161,82 տոկոսը, այսինքն՝ շուրջ 92 մլրդ ԱՄՆ դոլար։ Լիբանանի նորընտիր կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեն փակել է 11,4 տոկոս դեֆիցիտով։ 2020 թվականին նախատեսվում է հավաքել 8,8 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ, որ բավարար չի լինի պետական աշխատավարձերը, կենսաթոշականներն և նպաստները վճարելու համար։

Վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանի ֆինանսական համակարգում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, լիբանանյան արժույթը (ոսկին) ավելի քան 80 տոկոսով արժեզրկվել է, ինչի արդյունքում ներկրվող ապրանքների գները թռիչքաձև աճել են։ Ակնհայտ է, որ Լիբանանը գտնվում էր ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի մեջ, և տարեսկզբից լայն տարածում ունեցող համավարկը ավելի է վատթարացրել ստեղծված վիճակը։

Բեյրութում այս պայթյունի տնտեսական հետևանքներ դեռևս չեն գույքագրվել և գնահատվել, այնուհանդերձ սա ևս հսկայական ազդեցություն կթողնի երկրի տնտեսության վրա։ Հատկապես մեծ կորուստներ կկրեն էլիտար բնակարանաշինությունը, տուրիզմը, ֆինանսական համակարգը, զվարճանքների ոլորտը և այլն։

Արտաքին առևտուրը կարելի է անխափան շարունակել, քանի որ Լիբանանը այլ նավահանգիստներ ունի, որոնք ունեն համապատասխան ենթակառուցվածքներ։

Կարծում եմ՝ Լիբանանի այս ճգնաժամը հնարավոր է համակարգված և արագ լուծել դոնորների միջազգային կոնֆերանսի միջոցով, որի ժամանակ հավաքագրված գումարները կուղղվեն Բեյրութի ենթակառուցվածքների, հիվանդանոցների, դպրոցների և այլ կենսական նշանակության օբյեկտների վերականգման համար։ Միաժամանակ, քայլեր պետք է ձեռնարկել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, երկրները կրճատեն կամ նվազագույն մի քանի տարով սառեցնեն Լիբանանի արտաքին պարտքի մարումները։

Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք կազմակերպված և ազդեցիկ լիբանանյան համայնք, գործարար կապեր, այնուամենայնիվ Հայաստանի և Լիբանանի միջև արտաքին առևտուրը շատ փոքր է․ 2019 թվականին ընդհանուր արտաքին առևտուրը կազմել է 2,04 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստան Լիբանանից ներկրվում են ոսկերչական իրեր, մետաղակոնստրուկցիաներ, բուսական ճարպեր, յուղեր, ադամանդ և այլն, իսկ Հայաստանից Լիբանան արտահանվում են ոչխարներ, ոսկերչական իրեր, լվացող և մաքրող միջոցներ, հյութեր և այլն։ Համեմատության համար նշեմ, որ Թուրքիայի հետ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար։

Պարզ է, որ մեր երկրները, ժողովուրդները բաց են թողել և չեն իրացրել Հայաստան-Լիբանան փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները։ Վստահաբար, կան բազմաթիվ մրցունակ ապրանքներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն կարող են ներկայացնել մեր սպառողների համար, օրինակ՝ Հայաստան ներկրվող թուրքական տեքստիլի կամ ցիտրուսների մի մասը կարող ենք փոխարինել լիբանանյանով։ Վստահ եմ, որ մեկ քաղաքական ուժ կամ մեկ գործարար ի վիճակի չէ նման տնտեսական ծրագրեր մշակել և կյանքի կոչել․ դրա համար անհրաժեշտ է պետական մոտեցում, որին մասնակից կարող են դառնալ բոլոր շահագրգիռ կողմերը Հայաստանի և Լիբանանի կառավարությունների համակարգման ներքո»։

Տպել
Ամենաշատ