News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար:

Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ:

Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում:

Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենադրամատիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում:

Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում:

Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկությանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին:

Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար:

Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:

Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային հարաբերություններում և աշխարհի ետպատերազմյան կառավարման գործում:

Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:

Եվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել ‹‹Հայկական հարցը››: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար:

Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ