News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի տնտեսական ուժը նրան որոշ առումներով դարձնում է ավելի բարդ հակառակորդ, քան «սառը պատերազմի» ժամանակ Խորհրդային Միությունն էր, չորեքշաբթի օրը Չեխիա կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պոմպեոն եվրոպական երկրներին կոչ է արել միավորվել ընդդեմ Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ), որը, նրա խոսքերով, իր տնտեսական ուժն օգտագործում է ամբողջ աշխարհով իր ազդեցությունը տարածելու համար: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, «սառը պատերազմ-2» չէ»,- ասել է Պոմպեոն Չեխիայի Սենատում իր ելույթի ժամանակ: «ՉԿԿ-ի սպառնալիքին հակազդելը որոշ առումով շատ ավելի դժվար է»: «ՉԿԿ-ն արդեն ներհյուսված է մեր տնտեսության մեջ, մեր քաղաքականության մեջ, մեր հասարակություններում այնքան սերտորեն, որքան Խորհրդային Միությունը երբեք չի եղել»,- հավելել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Սառը պատերազմին» հղումը հնչել է այն բանից հետո, երբ անցյալ ամիս Լոնդոնում Չինաստանի դեսպանը նախազգուշացրեց, որ Միացյալ Նահանգները նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ միտումնավոր է հակամարտություն սկսում Պեկինի հետ:

Չեխիայի Հանրապետությունը առաջին երկիրն է Պոմպեոյի շրջագայության մեջ, որի հիմնական նպատակը տարածաշրջանի երկրների հետ կիբեռ եւ էներգետիկ անվտանգության հարցերը քննարկելն է:

Պոմպեոն ողջունել է 5G տեղակայման համար անվտանգության չափանիշներ մշակելու չեխական իշխանությունների ջանքերը այն բանից հետո, երբ կառավարական դիտորդական կազմակերպությունը նախազգուշացրել է չինական Huawei-ի սարքավորումների օգտագործման վտանգների մասին:

Մայիսին Պոմպեոն եւ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը 5G-ի անվտանգության հռչակագիր էին ստորագրել, սակայն երկիրը Huawei-ի տեխնոլոգիան արգելելու ուղիղ որոշում չի կայացրել: Նախագահ Միլոշ Զեմանը Չինաստանի հետ ավելի սերտ կապերի կողմնակից է:

Պոմպեոն նաեւ բարձր է գնահատել ամսվա վերջին Թայվան այցելելու Չեխիայի սենատի նախագահ Միլոշ Վստրչիլի որոշումը:

Պետքարտուղարը նշել է, որ Եվրոպայի որոշ երկրներին սպառնալիքները գիտակցելու ավելի շատ ժամանակ կպահանջվի, սակայն արդեն դրական խթան կա:

«Իրավիճակը փոխվել է (ԱՄՆ-ում), եւ ես տեսնում եմ, որ այն փոխվել է նաեւ այստեղ՝ Եվրոպայում: Արեւմուտքը հաղթում է, թույլ մի տվեք ոչ մեկին ասել ձեզ Արեւմուտքի անկման մասին»,- նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ