News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Արդյունագործության ձկնորսության տնտեսական ցիկլի մեջ ներգրավված բոլոր քաղաքացիների սոցիալական անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային է: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում    ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` խոսելով Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարի մասին:

«Ահա այդ միտումով էլ մենք այս փուլի համար մինչև հոկտեմբեր սահմանաչափ ենք սահմանել մինչև 200 տոննա թույլատրելի  քանակը և ի լուր ձեզ, պետք է ասեմ,  որ  հանրային լայն արշավի, բանակցությունների արդյունքում անձնավորված ինֆորմացիոն խողովակներով  համագործակցության այդ կոչի արդյունքում արդեն Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր են կնքել շուրջ 110 տնտեսվարողներ՝ 110 ֆիզիկական և իրավաբանական  անձինք  և ընդհանուր սահմանաչափը հասել է շուրջ 150 տոննայի:

Այսինքն կառավարության որոշմամբ սահմանված 200 տոննա պաշարը, որը թույլատրելիի մեջ է  0.5 կգ և ավելի ձկնապաշարներ որսալու համար, նույնիսկ չի լրացել, այսինքն ևս 50 տոննայի լիմիտ ունենք և եթե կլինեն շրջանակներ, որոնք պատրաստակամություն կհայտնեն միանալու օրինական արդյունագործական ձկնորսության տնտեսական այդ ցիկլին, մենք կարող ենք քննարկել և կառավարություն ես անձամբ կմիջնորդեմ նոր որոշմամբ հավելյալ քվոտա իջեցնելու համար»,- ասաց նախարարը:

Ռոմանոս Պոտրոսյանը  հիշեցրեց նաև,  որ որևէ դեպքում չեն  հանդուրժելու ապօրինի ձկնորսությունը, չափորոշիչներով սահմանված արգելված ձկնաչափերի որսը Սևանա լճում և սահմանված նորմերի շրջանցումը, այս գործում  հակադարձելու են իրավական պետությանը հարիր բոլոր գործիքակազմերով, այդ թվում իրավապահ համակարգի տարբեր մարմինների հետ միասին:

«Ես կոչ եմ անում մեր բոլոր իրավագիտակից քաղաքացիներին՝ շուկաներից, փողոցներից, առևտրի սրահներից, որևէ դեպքում կես կգ-ից թեթեւ մանրաձուկ չգնել, տվյալ պարագայում ահազանգել ոստիկանություն, ինչպես նաև մեր գերատեսչության թեժ գիծ:  1-2 օրվա ընթացքում շեշտակիորեն նվազեցնելով մանրաձկան պահանջարկը, վստահ եմ՝ որոշ վերապահումով ասած, անբարեխիղճ ձկնորսները  զերծ կմնան մանրաձուկ որսալուց, այդպիսով կչեզոքացվի նաև մանրաձկան որսից ածանցվող սիգի պոպուլիացիային սպառնացող անհետացման այդ վտանգը»:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ այն 17 կայանները, որոնք կահավորված են և պետք է գործակցեն պայմանագրային դրույթներով խաղի կանոնները ստանձնած ձկնորսների հետ,  նաև յուրաքանչյուր օր լճից արդեն որսացած ձուկը շուկա բաց թողնելու գործառույթները պետք է վերահսկեն:

«Բոլոր այն ձկնորսները, որոնք թեև ստորագրել են պայմանագրեր 0.5 կգ թեթեւ մանրաձուկ չորսալու մասին, այնուամենայնիվ, կախված իրենց ուռկանների փոքր խտությունից, մանրաձուկ կորսան և այն կհայտնվի իրենց  ցանցում։ Ընդերքի և բնապահպանության տեսչության մեր գործընկերներն արձանագրելու են այդ դեպքերը, բայց սա չպետք է դիտվի մեր հայրենակիցների սոցիալական խնդրին ուղղված մարտահրավեր»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ