News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ իշխանությունները ողջ ծավալով  տապալեցին  համավարակի դեմ պայքարը։ Իշխանության գալուց հետո էլ այս թիմը որևէ ոլորտում չկարողացավ ցույց տալ, որ ինքն ունակ է իրավիճակ փոխել, կարող է երկրի համար զարգացում ապահովել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Եթե իշխանությունները ընդհանրապես չզբաղվեին այս համավարակով, ապա կարող է իրավիճակը շատ ավելի լավ կամ մեղմ լիներ, որովհետև այն քայլերը, որոնք ձեռնարկվեցին Հայաստանում, դրանք իրականում ոչ թե մեղմացրեցին համավարակի հետ կապված վիճակը, այլ հակառակը՝ խորացրեցին։ Կարելի է ասել՝ երկրում սպանեցին տնտեսությունը և քաղաքացիներին սարքեցին սուբյեկտ, որի վրա իրենք փորձում են փող աշխատել, մասնավորապես՝ դիմակների տուգանքների հետ կապված»,- ասաց պարոն Կիվիրյանը։  

Ներքաղաքական իրավիճակից և քաղաքական ուժերի հայտարարություններից՝ տպավորություն է, որ թեժ աշուն է սպասվում։ Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ առաջիկայում մեծ հանրահավաք են անելու։ Իշխանական թևի պատգամավորներն արձագանքելով այս հայտարարությանը, կարծես թե ԲՀԿ-ի շանսերը փոքր են գնահատում։ Հարցին, թե «Բարգավաճ Հայաստանին» կհաջողվի՞ մեծ հանրահավաք կազմակերպել, և արդյոք դրա համար հիմքերը կան, Արգիշտի Կիվիրյանն ասում է, թե տեղյակ չէ ԲՀԿ-ի ռեսուրսներից, կսպասի նրանց գործողոթյուններին, հետո գնահատականներ կհնչեցնի։

«Թող իրենց այսպես ասած՝ ցուցադրեն, որից հետո նոր կարող ենք հասկանալ՝ արդյոք այդ ուժը ընդունա՞կ է ոչ միայն այս իշխանություններին հակակշռել, կամ ընդհանրապես տապալել այս իշխանությունը, վերցնել իշխանությունը և Հայաստանում իրականացնել լայնածավալ ռեֆորմներ»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը, թե գուցե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ հանրահավաք անելու վերաբերյալ հայտարարությունը ավելի վաղ  արված՝ մինչև վերջ գնալու հայտարարության շարունակությունն է,  Արգիշտի Կիվիրյանն արձագանքում է․

«Ինքն անգամ երդում տվեց, կարծում եմ՝ ավելի շատ դա ուղղված էր իր թիմին, որովհետև տարիներ առաջ իրավիճակ կար, երբ այն ժամանակվա իշխանություններին մարտահրավեր նետեցին և հետ կանգնեցին։ Դրա համար էլ այս անգամ, հավանաբար ինքը սեփական թիմին կամ էլ հենց իրեն փորձեց երդման միջոցով մղել, որ ինքն այլևս անցյալի  նման հետ չի կանգնի։ Մեծ հանրահավաքը կախված է իրենցից։ Վստահ եմ, որ այս իշխանությունները ձեռքները ծալած չեն նստում, քանի որ այս իշխանությունները  նույնպես որդեգրել են  պայքարի ոչ ժողովրդավարական միջոցները։ Վստահ եմ, որ տարբեր միջոցներով իրենք փորձելու են ճնշել Գագիկ Ծառուկյանին, նրա թիմի անդամներին, նրանց ընտանիքների անդամներին, որպեսզի խափանեն այդ գործընթացները,  բայց գիտեք, դրանք բնականոն քաղաքական պրոցեսներն են, այսինքն՝ եթե դու ընդունակ չես դիմագրավել այդ ճնշումներին, ապա դու ի՞նչ գործ ունես քաղաքականության մեջ, եթե դու մարտահրավես ես գցում, ուրեմն դու հստակ պետք է իմանաս, որ ամեն ինչ էլ կարող է լինել»,- ասում է Արգիշտի Կիվիրյանը։

Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարած քաղաքականությանը, նրա հրաժարականի մասին լուրերին և համավարակի պայմաններում արձակուրդ մեկնելուն, վերլուծաբանն ասում է, որ ի սկզբանե  էլ պարզ էր, որ Արսեն Թորոսյանը  ի վիճակի չէ առողջապահական այդ ծանր բեռը տանել։

«Համավարակից հետո ակնհայտ դարձավ, որ Արսեն Թորոսյանը կարելի է ասել՝ ողջ ծավալով տապալել է գործընթացը։ Իհարկե, պետք է ֆիքսենք, որ այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն Արսեն Թորոսյանը չէ, այլ Նիկոլ Փաշինյանն է։ ՀՀ-ում ձևավորվել է միահեծան իշխանություն, դրա պարագայում մեղադրել մեխանիզմի ինչ-որ վինտիկների՝ անիմաստ է, որովհետև կա թիվ մեկ պատասխանատուն։ Արսեն Թորոսյանն ընդամենը նպաստել է գործընթացին»,- ասում է նա։

Արգիշտի Կիվիրյանը հիշեցնում է ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե «կորոնավիրուսը  պատերազմ է հայտարարել Հայաստանին, պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին և ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։

«Եթե ընդունեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է, և սա պատերազմ է, այսինքն՝ պատերազմի ժամանակ բարձրագույն հրամանատարությունը, ոչ միայն Արսեն Թորոսյանը, այլև Նիկոլ Փաշինյանը արձակուրդ մեկնեցին, կարելի է ասել՝ պատերազմի ժամանակ բարձրագույն գեներալիտետը թողեց դիրքերը և մեկնեց իր հաճույքները վայելելու։ Սրանով իրենք փչացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ցույց տալով իր տեղը, երևի այդ առումով ճիշտ վարվեցին, բացի այդ ցույց տվեցին, թե ինչպես են իրենք վերաբերվում համավարակին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերին, ապա ըստ վերլուծաբանի՝ Նիկոլ Փաշինյանի համար իր խմբի որևէ անդամ արժեք չի ներկայացնում,  երբեք չի ներկայացրել և չի էլ ներկայացնելու։

«Ինքը բոլորին օգտագործում է ընդամենը իր մեխանիզմերի մեջ որպես ինչ-որ  մասնիկ։ Հիմա թե որ պահին ինքը կորոշի կազմակերպել ինչ-որ շոու և այս կամ այն մասնակցից ձերբազատվել՝ դա անհնար է կանխագուշակել, որովհետև դա կախված է նաև իր տրամադրությունից, այդ մարդը կայուն անձնավորություն չէ, տրամադրության մարդ է»,- ասում է նա։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ակցիաներին, նրա հրաժարականի պահանջին, Արգիշտի Կիվիրյանը շեշտում է, որ եթե ուզում են երկրում փոփոխություններ լինեն, ապա  ընդամենը պետք է լինի  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։

«Ամենի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, մնացածն իր կրկեսում շոուի մասնակիցներն են, որոնք որևէ լուրջ  որոշում այդպես էլ չեն կայացնում։ Եթե մեկը կփորձի ինքնուրույն խաղալ, այդ ժամանակ տեղում հրաժեշտ կտա իր աթոռին»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ