News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Հունաստանի եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ իրենց լիակատար համերաշխությունն են հայտնել ԵՄ անդամ երկու պետություններին:

Նրանք մտահոգություն են հայտնել շարունակվող վեճի եւ ԵՄ անդամ երկրների ու ԵՄ թեկնածու երկրի հետագա ռազմական էսկալացիայի հետ կապված ռիսկի վերաբերյալ:

Միջերկրական ծովի արեւելքում վտանգավոր էսկալացիայի եւ Թուրքիայի դերի վերաբերյալ սեպտեմբերի 24-25-ը Եվրոպական խորհրդի հատուկ նիստի նախաշեմին եվրախորհրդարանականները իրենց լիակատար համերաշխությունն են հայտնել Հունաստանին եւ Կիպրոսին 601 կողմ, 57 դեմ ձայներով ընդունված բանաձեւում:

Հայտարարելով, որ ԵՄ-ն հստակ եւ վճռականորեն պաշտպանում է իր շահերը, Եվրախորհրդարանի պատգամավորները Թուրքիային կոչ են անում անհապաղ դադարեցնել հետագա ցանկացած անօրինական հետախուզական եւ հորատման գործողություն Միջերկրական ծովում, ձեռնպահ մնալ հունական օդային տարածքը եւ Հունաստանի ու Կիպրոսի տարածքային ջրերը խախտելուց եւ դադարեցնել ազգայնական ռազմատենչ հռետորաբանությունը:

Եվրախորհրդարանի պատգամավորերի խոսքերով՝ լուծում կարելի է գտնել միայն երկխոսության, դիվանագիտության եւ բանակցությունների ճանապարհով: Նրանք բոլոր շահագրգիռ կողմերին, հատկապես Թուրքիային, կոչ են արել շտապ դեէսկալացման միջոցներ ձեռնարկել՝ իրենց զինված ուժերը տարածքից դուրս բերելով: Նրանք ողջունել են սեպտեմբերի 12-ին տարածաշրջանից իր սեյսմիկ հետազոտական նավերից մեկը դուրս բերելու Թուրքիայի որոշումը՝ որպես լարվածության թուլացման առաջին քայլ, միեւնույն ժամանակ դատապարտելով մեկ այլ նավի հետախուզական աշխատանքների ժամկետը երկարացնելու Թուրքիայի ծրագրերը:

Եվրախորհրդարանականները խորապես մտահոգված են ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների ներկայիս վիճակով, որոնք լրջորեն ազդում են Թուրքիայում մարդու իրավունքների ծանր իրավիճակի եւ ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա:

Նրանք ինչպես Թուրքիային, այնպես էլ ԵՄ անդամ երկրներին կոչ են անում պահպանել քաղաքական երկխոսությունը Լիբիայում եւ պահպանել ՄԱԿ Անվտանգության խորհրդի զենքի էմբարգոն: Եվրախորհրդարանի պատգամավորները ափսոսում են այն բացասական ազդեցության համար, որն ունի Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականությունն ու Միջերկրական ծովում այլ գործողությունները տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում, կայունության վրա:

Պնդելով, որ հետագա պատժամիջոցներից հնարավոր է խուսափել միայն երկխոսության միջոցով, նրանք կոչ են անում Խորհրդին պատրաստվել հետագա սահմանափակող միջոցների մշակմանը, որոնք կլինեն ոլորտային եւ նպատակային, եւ բացասական հետեւանքներ չեն ունենա Թուրքիայի ժողովրդի կամ այնտեղ ապրող փախստականների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ