News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրելի հայրենակիցներ, բուժաշխատողներ, սիրով տեղեկացնում ենք, որ մի խումբ համախոհ բժիշկներով ստեղծել ենք «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական կազմակերպությունը։

Նման նախաձեռնության կյանքի կոչվելու համար խթան է հանդիսացել վերջին ժամանակներում բուժաշխատողների հանդեպ իրականացվող աննախադեպ ճնշումները, իրավունքների ոտնահարումները, մասնագիտական դիրքորոշման և տեսակետի արտահայտման համար հետապնդումներն ու հալածանքները։

Երբեք բուժաշխատողների կարծիքը առողջապահական համակարգի կառավարիչների և պաշտոնյաների կողմից այդքան արհամարված ու անտեսված չի եղել։

Սպիտակ խալաթ կրողի դերն ու նշանակությունը մեր կյանքում չգնահատած, բժշկական աշխարհը պառակտած, այլ ոչ միավորած, գիտական, ակադեմիական և փորձագիտական շրջանակները յուրայինների և օտարների բաժանած առողջապահական համակարգի պատասխանատուները տեղ չպետք է ունենան մեր իրականության մեջ։

Այսօր մասնագիտական այլակարծությունը հետապնդվում է մեծամիտ, բարդույթավորված ու քինախնդիր ինքնահավանների մի շրջանակի կողմից՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատման սպառնալիք, ազատում, աշխատանքի ընդունման արգելանք, հոգեբանական ճնշումներ և այլն։

Ցանկացած սեփական տեսակետ և հանրային դիրքորոշում ունեցող բուժաշխատող, ով բաց ձևով արտահայտում է դա, դառնում է այդ շրջանակի հարձակումների և հալածանքների թիրախ։

Սիրելի արժանապատիվ բուժաշխատողներ, առողջապահական համակարգը հիմնարար սանացիայի ենթարկելու ժամանակն է եկել։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է ներդրում ունենալ այդ գործում, հաղթահարելով սեփական անհաղորդությունը առկա մարտահրավերների նկատմամբ ու տարատեսակ վախերը։

Լռելու դեպքում առողջապահական համակարգի կազմաքանդման վտանգը ծեծելու է մեր բոլորի դռները։

Կոչ ենք անում բոլորին միավորվել, հրավիրում ենք անդամակցելու այս նորաստեղծ միությանը։

Մենք պարտավորվում ենք յուրաքանչյուրի ձայնը, որը բխում է այս միության նպատակներից, լսելի դարձնել բոլոր հնարավոր հարթակներում: Ներկայացնելով իրական խնդիրները, բացահայտելով ճշմարտությունը և լուսավորելով, մենք կնպաստենք համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի էական փոփոխմանը:

Միասին մենք կարող ենք հասնել առողջապահության համակարգի արմատական առողջացմանը՝ ի նպաստ մեր ժողովրդի առողջության պահպանման և բժշկագիտության զարգացման։ Աստված մեզ օգնական և պահապան։

«Արժանապատիվ բուժաշխատողների միություն» ՀԿ Նախագահ պրոֆ. Սամվել Գրիգորյան

Տպել
Ամենաշատ