News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, հետաձգվեց այսօր՝ սեպտեմբերի 23-ին նշանակված «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի։

Դատական նիստի ավարտից հետո NEWS.am-ի հետ զրույցում հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ այսօրվա դատական նիստին քննարկվել է որպես պատասխանող կողմի անունից հանդես եկող անձի լիազորությունների հարցը. «Որպես ներկայացուցիչ հանդես եկող անձը ներկայացրել էր լիազորագիր եւ հանդիսանում էր ՀՀ վարչապետի Իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանի պաշտոնակատարը։ Նա ցանկություն հայտնեց, որ տվյալ լիազորագրի հիման վրա, որից մեկը տրված էր վարչապետի անունից, մյուսը՝ Մանե Գեւորգյանի անունից, հանդես գա որպես նրանց ներկայացուցիչ»։

Փաստաբան Կիվիրյանն ասաց, որ հայցոր կողմն այդ լիազորագրերը համարում է ոչ պատշաճ. «Տվյալ դեպքում վարչապետի աշխատակազմն իրավասու չէր այստեղ ներկայացնելու նրանց շահերը։ Մեր կողմից ներկայացված հայցապահանջը ներկայացվել էր կոնկրետ անձանց դեմ, ովքեր հանդես են գալիս որպես ֆիզիկական անձինք»։

Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ ստացվում է, որ մասնավոր իրավահարաբերություններում պետության բյուջեից ֆինանսավորվում է սուբյեկտ, որը վերջիններին պետք է ներկայացնի դատական ատյաններում, ինչը, ըստ փաստաբանի, ոչ իրավաչափ է։

«Նրանք ներկայացրել էին նաեւ գրավոր դիրքորոշում՝ հայցադիմումի պատասխան վերտառությամբ, որտեղ նաեւ փորձ էր արվում պատասխանատվությունը թեքել դեպի Հայաստանի Հանրապետությունը։ Մեր կողմից ներկայացված պահանջը կոնկրետ սուբյեկտների դեմ է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության» - ասաց Արամազդ Կիվիրյանը։

Հայցվոր կողմի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն անընդունելի համարեց պետական բյուջեի հաշվին դատարանում պաշտպանվելու քայլը.

«Ես չգիտեմ՝ զարմանքս, թե՞ զայրույթս արտահայտեմ այն գործողությունների վերաբերյալ, որոնք կատարվեցին դատական նիստում։ Ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա մամուլի խոսնակը զրպարտում են Արթուր Վանեցյանին, եւ երբ վերջինս դատի է տալիս նշված պաշտոնատար անձանց, այստեղ որպես նրանց ներկայացուցիչ հանդես է գալիս վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը։ Այսինքն՝ պետության ֆինանսական միջոցներով Նիկոլ Փաշինյանը եւ նրա մամուլի խոսնակը ցանկանում են պաշտպանվել դատարանում, ինչն անընդունելի է։ Արթուրը Վանեցյանը Հայաստանի Հանրապետությանը չէ որ ներգրավել է որպես պատասխանող, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա մամուլի խոսնակին»։

Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարանը նույնպես անընդունելի է համարել այդ քայլը. «Եթե վարչապետն ու նրա մամուլի խոսնակը ցանկանում են ներկայացուցիչ ունենալ, ապա իրենք որպես ֆիզիակական անձինք պետք է լիազորագիր տան որեւէ անձի, ում իրենք կցանկանան։ Այս դեպքում, բնականաբար, պետք է նաեւ վճարեն Նիկոլ Փաշինյանն ու նրա մամուլի խոսնակը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը»։

Նշենք, որ Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել վարչապետին եւ նրա խոսնակին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաեւ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։

Հիշեցնենք, որ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ