News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանից ապաստան է հայցել 93 անձ, որոնց գերակշիռ մասը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Միգրացիոն ծառայության` ՀՀ-ում ապաստան հայցող անձանց տվյալների շտեմարանը։

Նշված ժամանակահատվածում Միգրացիոն ծառայությունը ապաստանի 40 դիմում է ստացել Իրանի, 13՝ Լիբանանի, 9՝ Սիրիայի, 5` Կուբայի, 4-ական ՌԴ–ի և Իրաքի, 3–ական Վրաստանի և Հնդկաստանի, 2–ական՝ Ադրբեջանի, Բանգլադեշի, Թուրքիայի և 1–ական՝ Լաոսի, Կամերունի, Կոնգոյի, Ուզբեկստանի և Ուկրաինայի քաղաքացիներից։ Դիմումատուների մեծ մասը 35 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչեր են։

Ըստ վիճակագրական տվյալների՝  2020թ. առաջի կիսամյակում կարճվել կամ կասեցվել է ապաստան հայցած 86 անձի դիմում,  ապաստան հայցողներից 26–ի դիմումները մերժվել են, իսկ  40 անձ ստացել է փախստականի կարգավիճակ։

Ուսումնասիրելով վերջին 10 տարում ՀՀ–ում ապաստան հայցող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալները, արձանագրենք, որ Հայաստանից ապաստան հայցողների թիվը կտրուկ աճել է 2012–ին (ապաստանի հայցով դիմել է 579 անձ, որից 390–ը ստացել են փախստականի կարգավիճակ), ինչը պայմանավորված էր սիրիահայերի զանգվածային ներհոսքով։ Ապաստան հայցողների թիվը տարեցտարի նվազել է մինչև 2016թ.՝ հասնելով 110–ի, ապա դարձյալ ավելացել։ Ուշագրավ մեկ այլ տվյալ ևս. 2010թ. մինչ օրս Հայաստանում ապաստան է հայցել ընտանիքից անջատ 4 անչափահաս (2019–ին)։

Վերջին երկու տարում Հայաստանից ապաստան է հայցել ընդհանուր 466 քաղաքացի։

Մասնավորապես 2018թ. ապաստան ստանալու հայցով ստացվել է 131 դիմում 218 անձից, այդ թվում՝  57–ը Իրանի, 55–ը Իրաքի, 21–ը Սիրիայի, 17–ը Եմենի, 12–ը Աֆղանստանի և այլ երկրների քաղաքացիներից։ Ապաստան հայցողներից 84–ի դիմումը կասեցվել կամ կարճվել է, 33–ի հայցը մերժվել է, իսկ 72 անձ ստացել է փախստականի կարգավիճակ։

Իսկ արդեն 2019–ին Հայաստանից ապաստան է հայցել 248 անձ։ Դիմումատուների գերակշիռ մասը (107–ը) դարձյալ Իրանի քաղաքացիներ են, 37–ը՝ Սիրիայի, 33–ը Կուբայի, 21–ը Իրաքի և այլն։ Այս ժամանակահատվածում 42 քաղաքացու ապաստանի հայցը մերժվել է, իսկ 116–ը ստացել են փախստականի կարգավիճակ։

Նշենք, որ օրենսդրության համաձայն՝ ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անձը կարող է ապաստան խնդրել սահմանային անցման կետերում, ոստիկանության բաժանմունքներում, Միգրացիոն ծառայությունում կամ քրեակատարողական հիմնարկում։ Ապաստանի հայցով ՀՀ իրավասու մարմիններին անձը կարող է դիմել նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստան մուտք է գործել ապօրինի: Ի դեպ՝ միգրացիոն ծառայության կողմից վարվող ապաստանի համակարգը բնութագրող վիճակագրությունը չի ներառում ապօրինի սահմանահատման փաստի վերաբերյալ ցուցանիշ։

Միգրացիոն ծառայությունը ապաստանի դիմումը ստանալուց հետո որոշում է կայացնում Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին, կամ ապաստանի դիմումը մերժելու մասին:

Եթե հայցը բավարարվում է, և ՄԾ-ի որոշումը դրական է լինում, ապա անձին տրամադրվում է փախստականի կարգավիճակ, իսկ եթե հայցը մերժվում է, նշանակում է անձը ծանուցվելուց սկսած Հայաստանում գտնվում է անկանոն միգրանտի կարգավիճակում և 60 օրերի ընթացքում մերժման որոշումը չբողոքարկելու պարագայում պարտավոր է լքել երկիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ