News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպական առաջավոր երկրներում 19-րդ դարի սկզբից նկատվող ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության աճն Արցախում արտահայտվել է բանահյուսական հնագույն նյութերի գրառմամբ:

Ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ նմուշներից է 1889 թ. Շուշիում հրատարակված Մանուկ Աբեղյանի գրի առած հայոց ազգային վեպի՝ էպոսի երկրորդ պատումը՝ «Դավիթ եւ Մհեր» խորագրով:

19-րդ դարի 60-70-ական թվականները Արցախի բանահյուսության եւ բանագիտության սկզբնավորման առաջին շրջանն է: Արցախում բանահավաքչական աշխատանքների հիմքը դրել են տոհմիկ շուշեցի Բահաթրյան ընտանիքի անդամներ Առաքելը, Ալեքսանդրը եւ Գրիգորը: Բահաթրյանների գրառումներն ամենահինն են ոչ միայն Արցախում, այլեւ հայ ժողովրդական բանահյուսության մեզ հայտնի ամենավաղ գրառումներն են ընդհանրապես: Բնագրերի վաղեմության, բովանդակային եւ բարբառային առանձնահատկությունների արժանահավատության առումով այդ սկզբնաղբյուրների արժեքը անգնահատելի է:

Երկրորդ շրջանն ընդգրկում է 19-րդ դարի 80-90-ական թվականները եւ 20-րդ դարի սկիզբը: Այս ժամանակաշրջանում բանահավաքչական լայն գործունեություն է ծավալել Շուշվա գավառի Խանածախ գյուղից Մակար Բարխուդարյանը, ով 1883 թվականին Թիֆլիսում հրատարակում է 189 զվարճապատումից բաղկացած «Պըլ-Պուղի» գիրքը:

Բանահավաքչական մեծ աշխատանք են կատարել նաեւ բնիկ շուշեցի մելիքական ծագմամբ Կոստանդին Մելիք-Շահնազարյանը՝ հայտնի Տմբլաչի Խաչան, Վարանդայի Վերին Թաղավարդ գյուղից Արամ եւ Խաչիկ Դադյան եղբայրները:

Այս շրջանում Արցախի բանահյուսության տարբեր ժանրերի նյութեր են թարգմանաբար հրատարակվել Ռուսաստանի ժողովրդական կրթության նախարարության Կովկասյան ուսումնական շրջանի վարչության հրատարակած հանդեսի հատորներում (Сборник материалов для описания местностей и племен Кавказа, кн, кн VI, VII, VIII, XIX, XXIV, Тифлис, 1888-1898):

Իսկ 1896 թ. Շուշիում հիմնադրվում է հայոց ժողովրդագիտական առաջին պարբերականը՝ «Ազգագրական հանդեսը»՝ Երվանդ Լալայանի խմբագրությամբ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ