News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի դրոշը թափահարող գոռացող ու սուլող տղամարդկանցով լի մեքենաներ անցան Ստամբուլի Կումկապի թաղամասով, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքարանը, եւ ապրում են բազմաթիվ հայ ընտանիքներ: Սեպտեմբերի 28-ի ավտոերթըը սադրանք էր, սպառնալիք, որը վախով էր լցրել իմ փոքրիկ հայկական համայնքը, որը 60 հազար է կազմում՝ Թուրքիայի 83 միլիոն բնակիչներից: Այս մասին NYT թերթում գրում է հայկական ծագմամբ թուրքական պատգամավոր Կարո Փայլանը:

«Մեկ տասնամյակ ընդհատվող հրադադարից հետո անցյալ ամիս Ղարաբաղում հակամարտությունը վերսկսվեց: Թուրքիան վճռականորեն աջակցում է Ադրբեջանին այս պատերազմում, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժում է հրադադարի հաստատման համաշխարհային կոչերը: Նա աջակցում է Ադրբեջանին պաշտպանական տեխնոլոգիաներով, անօդաչու թռչող սարքերով եւ քարոզչական մեքենայով:

Այս ռազմավարությունը համահունչ է Էրդողանի կառավարության որոշմանը` ավելացնել երկրի ռազմական ներկայությունը արտերկրում` Սիրիայում, Լիբիայում եւ Միջերկրական ծովի արեւելքում` ամրապնդելու Թուրքիայի դիրքերը որպես տարածաշրջանային տերություն:

Բայց կա նաեւ ուղղակի փոխկապակցվածություն արտասահմանյան հակամարտությունների մեջ խորանալու Թուրքիայի կառավարության ցանկության եւ երկրի ներսում ժողովրդավարական տարածքի փակման միջեւ:

Ես դրան ականատես եմ եղել եւ ինձ վրա եմ զգացել՝ որպես Թուրքիայի հայ եւ որպես թուրքական խորհրդարանի անդամ, ով Ազգային-դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացնում է հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր քաղաքը:

Թուրքիայի ավտորիտար շրջադարձի պատճառով իմ անցյալն ու քաղաքական հայացքները բավարար են ինձ թիրախ դարձնելու համար: Հոկտեմբերի 5-ին «Եվրասիական ռազմավարական հարցերի ինստիտուտ» ազգայնական հրատարակությունը Էրդողանի ընտանիքի հետ կապված «Սաբահ» թերթում լրիվ էջով հայտարարություն է հրապարակել՝ ի պաշտպանություն Ադրբեջանի: Այն ստորագրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի նախկին եւ ներկա անդամները:

Հրապարակման մեջ ինձ մեղադրել են հայանպաստ կողմնորոշման եւ դավաճանության մեջ՝ կոչ անելով Թուրքիայի դատական իշխանություններին եւ խորհրդարանին «կատարել իրենց պարտքը»: Հաշվի առնելով Թուրքիայում առկա քաղաքական մթնոլորտը, դա հնչում էր որպես ինձ անձեռնմխելիությունից զրկելու կոչ, որպեսզի ինձ կարողանան հանձնել դատարանին՝ իմ խաղաղասեր կեցվածքի համար: Այնուամենայնիվ, ես դատական բողոք ներկայացրեցի գովազդատուների դեմ եւ շարունակեցի Կովկասում խաղաղության կոչ անել:

Որպես Թուրքիայի հայ եւ ցեղասպանությունը վերապրածների սերունդ, ես շատ լավ գիտեմ այս ուղերձի մաստը: 2007թ. Ստամբուլից հայտնի հայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնականի կողմից` այսպիսի աճող ազգայնականության շրջանում:

Թուրքիային պատած խավարը կարծես ամեն օր ընդլայնվում է: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իմ տասնյակ ընկերներ, այդ թվում՝ Հայաստանի սահմանին գտնվող Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենը, ձերբակալվել են ահաբեկչական շինծու մեղադրանքներով՝ իբր 2014-ին ամբողջ երկրում փողոցային ցույցեր կազմակերպելու համար: Բողոքի ցույցերը պատասխան էին կառավարության անտարբերությանը՝ «Իսլամական պետության» կողմից Սիրիայի քրդական Կոբանի քաղաքի պաշարման պայմաններում։

«Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության յոթ խորհրդարանականների, այդ թվում՝ ինձ, մեղադրվում են «սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու մեջ», եւ դատախազը պատրաստվում է խնդրել խորհրդարանին զրկել մեզ անձեռնմխելիությունից, ապա ձերբակալել:

Չնայած վերջին սպառնալիքներին, ինձ ոգեւորեցին հազարավոր մարդիկ, ովքեր զանգահարեցին, գրեցին եւ ստորագրություններ հավաքեցին` իրենց աջակցությունն արտահայտելով ինձ:

Գուցե զարմանաք, թե ինչու ենք մենք շարունակում պայքարել այս երկրում ժողովրդավարության համար: Թուրքիայում միշտ չէ այսքան խավար եղել: 10 տարի առաջ Թուրքիան համեմատաբար հեռանկարային ժողովրդավարություն էր, որը քայլում էր դեպի Եվրամիությանն անդամակցելը եւ տարածաշրջանում խաղաղության կոչ էր անում: Նա հայտարարել էր «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության մասին, եւ մենք ինչ-որ պահի մենք նույնիսկ մոտ էինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ես խորհրդարան եմ մտել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նախապապիս սպանվելուց ուղիղ մեկ հարյուրամյակ անց: Իմ նպատակն էր օգնել կառուցել ուժեղ եւ ընդարձակ ժողովրդավարություն, որպեսզի թուրքերը, քրդերը, հայերը, ալեւիները, փոքրամասնությունները եւ կանայք կարողանան առանց որեւէ վախի ապրել որպես հավասար քաղաքացիներ:

Ես ձգտել եւ աշխատել եմ հայ-թուրքական հաշտեցման համար: Երբ արտերկիր կատարած իմ ուղեւորությունների ժամանակ, հանդիպելով հայերի հետ, պնդել եմ, որ այս պայքարը Թուրքիայի սրտի եւ հոգու համար կարեւոր է, քանի որ միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է առերեսվել իր անցյալի հետ, եւ միայն դրանից հետո կսկսվի մեր հավաքական ապաքինումը:

Բայց 2015-ից հետո Թուրքիան բռնեց ավտորիտարիզմի ճանապարհը, եւ այսօր կասեցված են մեր հիմնական քաղաքացիական իրավունքները: Նախագահ Էրդողանը, ով ժամանակին Եվրամիության ղեկավարած բարեփոխումների եւ քրդերի հետ խաղաղության գործընթացի կողմնակից էր, վերջին տասնամյակում հաստատել է միանձնյա ռեժիմ, նահանջել է ժողովրդավարությունից եւ միացել ծայրահեղ աջ ազգայնականների կոալիցիային: Դրան հետեւեց մեծ ռազմականությունը:

Ռազմատենչ ազգայնականությունն ու ավտորիտարիզմը չեն կարող ոչ լուծել մեր ներքին խնդիրները, ոչ էլ օգնել տարածաշրջանին: Իմ երկրի համար լավագույն ընտրությունը միշտ կլինի տարածաշրջանում խաղաղության ձգտումը եւ մեր հարեւանների հետ սերտ կապերի հաստատումը: Թուրքիան պետք է խրախուսի Հայաստանին եւ Ադրբեջանին վերադառնալ խաղաղ բանակցությունների եւ նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը:

Ռուսաստանը օգնեց բանակցել հրադադարի մասին: Սա ընդգծեց տարածաշրջանում Ռուսաստանի դերը եւ դուրս մղեց Թուրքիային դիվանագիտական խաղից: Եթե նախագահ Էրդողանը ցանկանում է արդիական լինել, նա պետք է դադարեցնի լարվածության սրումը Կովկասում եւ աջակցի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հրադադարին:

Բայց ես միամիտ չեմ եւ գիտեմ, որ միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է օգնել կայունացնել տարածաշրջանը եւ հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ: Այդ պատճառով ես չեմ լռելու սպառնալիքների առջեւ եւ կշարունակեմ պայքարել երկրում ժողովրդավարության եւ արտերկրում խաղաղության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ