News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, եւ այժմ նրա հիմնական խնդիրը ազգային միասնության կառավարություն ձեւավորելն է: Այս մասին «Մտավարի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ մեկնաբանելով էքզիթ-փոլի նախնական տվյալները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Մտավարի»-ի խնդրանքով էքզիթ-փոլն իրականացրել է միջազգային հետազոտական Ipsos ընկերությունը: Ուսումնասիրության նախնական արդյունքների համաձայն, տասներորդ գումարման խորհրդարանում համամասնական ընտրակարգի համաձայն, «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 41%-ը՝ 120 հնարավոր մանդատներից 50-ը: Նույն կանխատեսման համաձայն՝ 67 տեղ կստանան այն կուսակցությունները, որոնք հրաժարվում են «Վրացական երազանքի» հետ համագործակցության ցանկացած ձեւից:

«Անգամ այն պայմաններում, երբ ինձ թույլ չտվեցին գալ Վրաստան, ընդդիմությունը վստահորեն հաղթեց, այսպես կոչված, «Վրացական երազանք»-ին, ներառյալ ՄԱՇ-ը հաղթեց Թբիլիսիում, հաղթեց մեծ քաղաքներում: Դա տեղի ունեցավ շանտաժի եւ ահաբեկման պայմաններում: Հիմա մեզ համար գլխավորը ազգային միասնության կառավարություն ստեղծելն ու երկիրը ճգնաժամից դուրս բերելն է»,- ասել է Սահակաշվիլին:

Քաղաքական գործիչը կոչ է արել «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին համակերպվել պարտության եւ իշխանության խաղաղ փոխանցման հետ, ինչպես դա տեղի ունեցավ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո:

«Կփորձի նա կեղծել ընտրությունները, թե ոչ՝ նշանակություն չունի, քանի որ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Ես նրան խորհուրդ կտայի ձեռնպահ մնալ, քանի որ ես խաղաղ փոխանցեցի իշխանությունը, եւ նա նույնպես պետք է նույնը անի»,- ասել է նախկին նախագահը:

Սաակաշվիլին վարչապետի թեկնածու է իր հիմնադրած «ՄԱՇ» կուսակցությունից, ինչպես նաեւ «Ուժը միասնության մեջ է» կոալիցիայի նրանց կողմնակիցներից:

Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել «կառավարությունում ցանկացած պաշտոնից»՝ հօգուտ «կոմպրոմիսային գործիչների»: Սակայն նա չի բացառում իր վերադարձը հայրենիք:

«Ինձ չի հետաքրքրում ոչ մի պաշտոն, այդ թվում` Վրաստանի վարչապետի պաշտոնը, սակայն թե որտեղ ես ֆիզիկապես կշարունակեմ ծառայել իմ հայրենիքին, այդ մասին կհայտարարեմ առաջիկա օրերին»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Սաակաշվիլին մեկ անգամ եւս կրկնել է իր դիրքորոշումը «Վրացական երազանքի» կառավարության ներքո պետական ծառայություն ստանձնած պաշտոնյաների հետ կապված:

«Յուրաքանչյուրը կարող է հանգիստ աշխատել: Ոչ ոք ոչ ոքի չի դիպչի: Կյանքը չի ավարտվում ընտրություններում պարտվելու պատճառով»,- ասել է քաղաքական գործիչը:

2013 թվականին իր երկրորդ նախագահական ժամկետն ավարտելուց հետո Սաակաշվիլին հեռացավ Վրաստանից: Այժմ նա ապրում է Ուկրաինայում, ունի ուկրաինական քաղաքացիություն, նա Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարն է:

Վրաստանի ներկայիս իշխանությունները Սահակաշվիլիին մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված հանցագործությունների մեջ, այդ թվում՝ քրեական հոդվածներով: Վրաստանում նա հեռակա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Օրենքի համաձայն, Վրաստան ժամանելուց հետո նա կկալանավորվի, եթե մինչ այդ պահը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նրան ներում չշնորհի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ