News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շատ տարօրինակ է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական չի ներկայացրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ վաղը նախաձեռնելու է ընդլայնված հանձնաժողովի նիստ, հրավիրելու է Պաշտպանության նախարարին եւ ուղղի կոնկրետ հարցեր, որոնք իրեն են վերաբերում, ոչ թե վարչապետին. «Պարզ հարց տամ՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան։ Ես Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, դու նկարահանվում եք, նստում եք։ Պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ դուք 2016 թվականին ապրիլի 12-ին «Ազատության» հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, դուք ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատով կխփենք։ Դա նշանակում է, որ նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալը չի տիրապետում այդ վտանգներին»։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շաբաթ օրը խնդրել է իրեն կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ, հրավիրել լսումների եւ տեղի է ունեցել միջադեպ. «Լենա Նազարյանը շաբաթ օրը խնդրեց, որ չի կարողանում կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ ու հրավիրել լսումների։ Ես ասացի, որ դա կանեմ: Դրանից հետո ես զանգում եմ տեղակալ Բալայանին, հայտնում, որ Լենա Նազարյանը չի գտնում Տոնոյանին: Բալայանը գտավ Տոնոյանին ու նա զանգեց ինձ: Ասաց «Պարոն Քոչարյան, Դուք իմ տեղակալին ասել եք, որ փնտրում եք, ես թաքնված եմ»: Ես ասացի՝ նախ ձայնդ մի բարձրացրու ու մի մոռացի, թե ում հետ ես խոսում: Երկրորդը՝ Ձեզ ԱԺ նախագահի պաշտոնակատարն է փնտրում ու չի գտնում, բարի եղեք կապ հաստատել: Հետո կապը հաստատում են, տիկին Նազարյանին ասել է, որ չի կարող գալ: Բայց այսօր անհասկանալի համազգեստով եկավ: Ես դրա անունը դրել եմ ձկնորսի համազգեստ»:

Քոչարյանը շեշտեց, որ Տոնոյանի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակման առնչությամբ իր դժգոհությունները տարբեր առիթներով ներկայացրել է։

Հարցին՝ արդյոք ինքը հավակնո՞ւմ է Պաշտպանության նախարարի պաշտոնին՝ Քոչարյանն ասաց. «Երբ պարոն Քոչարյանը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր, պարոն Դավիթ Տոնոյանն այն ժամանակ հատուկ անվտանգության համակարգում ախրանիկ էր աշխատում պարոն Քոչարյանի ենթակայության տակ գտնվող գնդապետի մոտ։ Եթե այն ժամանակ չեմ հավակնել»։

Քոչարյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ հստակ նշված է հայկական կողմի ռազմաօդային ուժերի վիճակը, հակաօդային ուժերի վիճակը, հարվածային ուղղությունները եւ Թուրքիայի մասնակցության հնարավորությունը։

«Նոր իշխանությունները 2018 թվականից մինչեւ 2020 թվականը բանակը պետք է բերեին այն վիճակին, որպեսզի Պաշտպանական գերատեսչությունը կարողանար հաշվի առնելով հակառակորդի կուտակած սպառազինությունը եւ կառավարման իր որակի բարելավումը, պատերազմ վարելու ընթացքում կարողանայինք չեզոքացնել այդ հիմնական բաները, որոնք կոչվում են «Բայրաքթար», գերճշգրիտ հրթիռներ։ Լավ կլինի, որ Պաշտպանական գերատեսչությունը վերլուծություն անի, որ հասկանա, դրանից առաջ պետք է արած լիներ, որ հասկանար՝ հակառակորդը եթե նույնիսկ Թուրքիայի կառավարման հնարավորություն է ունենալու, մենք ինչպե՞ս ենք պաշտպանվելու»,- ասաց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ