News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գերմանիայում այսուհետեւ կարող են տանը կամ հասարակական վայրերում հանդիպել միաժամանակ 2 տնատիրությունից 5 մարդուց ոչ ավելի թվով։ Սա եւ մի շարք այլ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու շուրջ պայմանավորվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ դաշնային հողերի վարչապետները, փոխանցում է DW-ն։ 

Երկրի կառավարության ներկայացուցիչները այսպիսի միջոցառումների անհրաժեշտությունը պատճառաբանում են այն հանգամանքով, որ նոյեմբերի սկզբից գործող, այսպես կոչված, մեղմ լոքդաունը մինչեւ հիմա չի տվել ակնկալվող արդյունք։ Վարակումների ամենօրյա աճը շարունակում է բարձր մնալ (նոյեմբերի 25-ի առավոտյան 18 633 նոր դրական թեստ), աճում է նաեւ մահացող վարակակիրների թիվը (անցած մեկ օրում 410-ով)։

Նույն պատճառով որոշվել է նոյեմբերի 2-ից գործող մեղմ լոքդաունը երկարաձգել մինչեւ 2021 թվականի հունվարի սկիզբ, բայց պաշտոնապես դեռեւս նվազագույնը մինչեւ դեկտեմբերի 20-ը․ համաճարակային պաշտպանության մասին օրենքի համաձայն՝ սահմանափակող միջոցառումները չի կարելի մտցնել 4 շաբաթից ավելի։ Դրանք ամեն անգամ պետք է երկարացնել։

Նաեւ արդեն դժվար կլինի մեղմ անվանել երկարաձգված լոքդաունը։ Դա վերաբերում է առաջին հերթին սոցիալական շփումներին։ Այսուհետեւ կարող են հանդիպել 2 տնատիրությունից 5 մարդուց ոչ ավելի։ Հաշվի չեն առնվում նույն ընտանիքներից մինչեւ 14 տարեկան երեխաները։ Գերմանացիների համար գլխավոր Ծննդյան տոներին, ինչպես նաեւ Ամանորին բացառություն կարվի․ դոկտեմբերի 23-ից մինչեւ հունվարի 1-ը ընտանեկան հանդիսությունները կարելի է անցկացնել ավելի լայն շրջանակով՝ մինչեւ 10 մարդ՝ առանց երեխաներին հաշվի առնելու։

Նույնպիսի մեղմացումներ կլինեն ամանորյա գիշերը։ Բայց ստիպված կլինեն մարդաշատ վայրերում կոլեկտիվ հրավառություններից հրաժարվել։ Այս անգամ չեն լինի նաեւ Ամանորը դիմավորելու առիթով ժողովրդական զբոսանքները։

Առանձին դաշնային հողերի իրավասության մեջ է մտնում կարանտինային միջոցառումների մեղմումը կամ խստացումը։ Բայց միջոցառումները կարող են թուլացվել միայն այն դեպքում, եթե այս կամ այն տարածաշրջանում վարակումների թվի աճը մեկ շաբաթվա ընթացքում չի անցնի 100 հազար բնակչի հաշվարկով 50-ը։ Իսկ եթե այս ցուցանիշն անցնի 200-ից, ապա լոքդաունը կարող է խստացվել։

Շարունակում են փակ մնալ ռեստորանները, բարերը, թատրոնները, կինոթատրոնները, մարզադահլիճները, սպորտային սեկցիաները, հասարակաց տները, մերսման սրահները եւ ժամանցի ու սպասարկման ոլորտի այլ ձեռնարկությունների մեծամասնությունը։ Իսկ խանութների համար դեկտեմբերից մտցվում են լրացուցիչ սահմանափակումներ․ յուրաքանչյուր գնորդի պետք է բաժին ընկնի առեւտրային մակերեսի 25 քառ․մետրից ոչ պակաս։ Եթե այն կազմում է 800 քառ․մետր կամ ավելի քիչ, ապա ամեն մեկին՝ 10 քառ․մետր։

Ձմեռային արձակուրդների ժամանակ, որոնք տարբեր դաշնային հողերում տարբեր ժամանակ են սկսվում, ավտոճանապարհները բեռնաթափելու համար այս անգամ առաջարկվում է աշակերտներին արձակուրդ տալ բոլոր ժամկետներից ավելի վաղ՝ արդեն դեկտեմբերի 19-ից։ Իսկ հանրային տրանսպորտում հրմշտոցից եւ դպրոցներում համավարակի բռնկումների մեծ հավանականությունից խուսափելու համար վարակումների մեծ թվով տարածաշրջաններում հանձնարարվում է հնարավորության դեպքում դասարանները կիսել։ Աշակերտների մի կեսը սովորում է դպրոցում, մյուսը՝ տանը։ Մեկ շաբաթ հետո տեղերը փոխում են։

Հանձնարարվում է այսուհետեւ դիմակներ կրել ոչ միան հանրային տրանսպորտում, խանութներում եւ փողոցային տոնավաճառներում, այլեւ գործնականում բոլոր հանրային փակ տարածքներում, քաղաքների կենտրոնական շրջաններում եւ դպրոցներում՝ սկսած 7-րդ դասարանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել