News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


«Առաջադրվել է մի երեւակայական մեղադրանք, որտեղ նկարագրված էին գործողություններ, որոնց հետ ես որեւէ իրական կապ չունեմ»,- ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։

«Ես իհարկե չընդունեցի մեղադրանքը եւ շարունակում եմ պնդել, որ սա երկրի իշխանության անճարության եւ անպիտանության հետեւանքն է, երբ ամբողջ իրավապահ համակարգը, որն ունի շատ լուրջ, կարեւոր միսիա, զբաղված է թուղթ գրելով»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ սա իր անձի դեմ ուղղված հետապնդում է, որը շարունակական շղթայի մի մաս է։

Նրա խոսքով՝ նմանատիպ դատողություն կարող է անել՝ ծանոթանալով այլ անձանց հետ կապված, շատ դեպքերում դա ուղղակի քաղաքական հետապնդում է։

Նշենք, որ խոսքը գնում է Քննչական կոմիտեում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։

Արա Սաղաթելյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունն առ այսօր դիրքորոշում չի հայտնել փաստաթղթի վերաբերյալ, ասաց. «Բազմաթիվ գործիչներ հայտարարել են, որ իրենց մոտեցման հիմքում ոչ թե այդ փաստաթուղթը չեղյալ հայտարարելն է, այլ՝ կառավարության եւ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձեւավորումը, ինչը հնարավորություն կտա կարող, գրագետ ունակություններ եւ հմտություններ ունեցող մարդկանց ներգրավել այդ փաստաթղթով ենթադրվող, կարգավորումը շարունակական դարձնող փաստաթղթերի շարադրմանը եւ ամրապնդմանը։ Այսինքն՝ դա հերթական սուտն է»:

«Ընդդիմության անունից խոսել չեմ կարող, բայց բոլոր նրանք, որոնք հետեւում են տեղեկատվական հոսքերին, հստակ տեսնում են, որ բազմաթիվ անգամներ ընդդիմության տարբեր առաջնորդներ նշել են, որ խոսքն այսօր չի գնում հրապարակված՝ երկու երկրների նախագահների եւ մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից վավերացված փաստաթղթի չեղյալ հայտարարելու մասին։ Խոսքը գնում է այն մասին, որ գործող իշխանությունը երկու տարվա ընթացքում ապացուցեց, որ որեւէ կառուցողական գործունեության իրականացման ունակ չէ, պատերազմի ընթացքում ապացուցեց, որ հիմքում ունեցել է գործողությունների միայն սուտը եւ անձնական շահը», - նշել է Սաղաթելյանը։

Սաղաթելյանը գտնում է, որ օր շուտ այս վարչակազմի հեռացումն ավելի կնվազեցնի մեր երկրին սպասվող արհավիրքը եւ, ինչպես յուրաքանչյուր օր ուշ կանգնեցնելով պատերազմը, սրանք բերեցին բազմաթիվ զոհերի եւ անհետ կորածների, որոնց հարցերով կարելի էր զբաղվել շատ վաղուց, նույնն է, այս խմբակի ամեն օր իշխանության մնալը բերում է նրան, որ մենք ամեն օր մտնում ենք ավելի ցունգցվանգային իրավիճակի մեջ որպես անձ եւ որպես պետություն։

«Անտեսված եւ ոտնահարված են հայերի եւ հայության շահերն ամեն տեղ, սա ունենալու է մուլտիպլիկացիոն էֆեկտ։ Այսինքն՝ մենք հիմա ունենք ազգապահպանության խնդիր՝ Հայաստանից դուրս։ Արդեն բազմաթիվ տեղեր հայերին ճնշում են, նեղում են եւ այդ գործողությունները կրում են ուղղորդված եւ կազմակերպված բնույթ»,- նշել է Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ այս աթոռներից կառչած մարդիկ, որոնք ֆեյսբուքներում եւ տեսախցիկների առջեւ ինչ-որ թվացյալ ողջամիտ մտքեր են արտահայտում, ի վիճակի չեն ընդհանրապես կարգավորել այդ գործընթացները։

Արա Սաղաթելյանը նշեց, որ մոտ հինգ օր առաջ հեռախոսազանգ է եղել մի խումբ տղաների կողմից, որոնք ինչ-որ տեղ պատսպարվել են Զանգելանի տարածքում եւ չեն պատկերացնում՝ ինչ պետք է իրենց հետ լինի։

«Ժամանակակից տեխնիկական միջոցներով կարելի էր շատ հստակ տեղորոշել այդ մարդկանց վայրը եւ փորձել գործողություններ ձեռնարկել։ Երեկվա դրությամբ՝ ոչինչ չի արվել, հիմա կնստի իրենց հեռախոսների մարտկոցները եւ պատերազմի ավարտից հետո կունենանք մի քանի զոհ եւս՝ սովից, անճարությունից, վերքերից մահացած մեր տղաների»,- ասել է նա։

Դիտարկմանը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ադրբեջանցիները թույլ չեն տալիս աշխատանքներ իրականացնել՝ Սաղաթելյանն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող հստակ ասել՝ ով պետք է բանակցություններ վարի, բայց հստակ ասում է, որ յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ստորագրվի ժամանակին եւ արժանապատվորեն։

«Երբ դու չունես կարգավիճակ, թեկուզ այդ երեք ստորագրողների մեջ, երբ դու ինչ-որ խնդրողի կամ վնգստացողի դերում ես, որեւէ մեկն արագ չի արձագանքի քո խնդրանքներին կամ վնգստոցին, որովհետեւ այսօր պարզ չէ դու ով ես, դու ստորագրել ես փաստաթուղթ եւ հպարտանում ես նրանով, որ օրական երկու-երեք անգամ զանգում ես այլ երկրի ղեկավարին։ Այլ երկրի ղեկավարը չի գալու քո փոխարեն լուծի քո երկրի հարցերը։ Հրաժարականը եւ նոր կառավարության ձեւավորումը. դա է ամենաճիշտ, ողջամիտ եւ կարճ ճանապարհը եւ ամեն օր մեր կորուստները որպես ազգ, որպես երկիր աճելու են, ինչպես աճեցին մեր զոհերը՝ պատերազմի ամեն հաջորդ օրվա ընթացքում»,- նշել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ հիմա ավանտյուրիզմի, դեմքը փրկելու կամ «մենք կուղղենք մեր սխալները» քարոզելու ժամանակը չէ, քանի որ վերջիններս ի վիճակի չեն ուղղել իրենց սխալները, որովհետեւ ի վիճակի լինելու դեպքում այդ սխալներին չէին հասցնի։ Ըստ Սաղաթելյանի՝ այդ մարդիկ պատրաստվածություն չունեն, պատկերացում, թե ինչ է պետությունը եւ ինչպես է գործում՝ չունեն այդ մարդիկ եւ աշխատանքները տարվում են ներքին լսարանի համար։

«Երկիրը կորցնում է իր դիրքերը՝ բոլոր տեղերում, հայերն այլ երկրներում ընկճված են եւ շատ վատ են զգում այլ ազգային միջավայրերում եւ դա ունենալու է հետեւանքներ։ Կլինի շղթայական ռեակցիա, շարունակական, ինչպես շարունակական էր մեր զոհերը՝ պատերազմի ամեն հաջորդ օրվա ընթացքում եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, քաջ իմանալով, որ ամեն օրը բերում է նոր զոհեր, նոր գերեվարված անձինք եւ նոր անհայտ կորածներ, անհասկանալի է, թե ինչի վրա հույսը դնելով, ամեն օր ձգում էր»,- ասել է Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել