News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Սիրելի հայրենակիցներ. ուզում եմ եւս մի ցավոտ թեմայի անդրադառնալ. այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք իհարկե, ցավոտ են եւ ցավով են ընդունվում մեր շատ հայրենակիցների կողմից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղերձի այդ հատվածում նա նշել է. «Սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով: Խոսքը, տվյալ դեպքում, հայաստանյան հատվածի մասին է: Արցախի պարագան առանձին խնդիր է:

Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները, իհարկե, մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում: Տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն, եւ դրանց լուծման վրա մենք աշխատում ենք:

Բայց, կրկնում եմ, մեր զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով, եւ պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել: Մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա իրոք սահման եւ ոչ թե ռազմաճակատի գիծ: Մենք պետք է գնանք այդ ճանապարհով:

Որոշակի տեղաշարժ կա նաեւ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները եւ ԱՄՆ փոխպետքարտուղարը, համատեղ հայտարարություն են ընդունել: Այդ հայտարարության մեջ կարեւոր շեշտադրումներ կան: Վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու եւ լիարժեք բանակցային գործընթաց վերականգնելու կամքն ու ցանկությունը:

Սա եւս մի կարեւոր գործոն է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարը եւ ռազմական գործողությունների դադարն ամրապնդելու համար: Այս պայմաններում, իհարկե, մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Այս պահին սահմանային լարում, ըստ էության, չկա: Պատերազմի հետեւանքները որոշակի հարցեր են առաջացրել մեր զինվորների կեցության պայմանների հետ կապված, ու մենք հիմա ակտիվ զբաղվում ենք այդ հարցերով: Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետեւյալն է. ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք մենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո։ Ոչ, չենք պատրաստվում։ Եւ մենք պետք է այդ ծանրությունը կարողանանք կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունները հաղթահարել։ Ինչո՞ւ եմ ասում՝ հաղթահարելի ծանրություններ, որովհետեւ կան կորուստներ՝ մեր եղբայրների կորուստները, որոնք անհաղթահարելի են։ Դրանք մենք պետք է կրենք մեր սրտում, մեր հոգում, մեր մտքում, բայց նաեւ այդ ծանրությունը պետք է ուժեղացնի ապրելու, հաղթելու, հաղթահարելու մեր կամքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ