News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանը քաղաքական ճգնաժամ է վերապրում, որը հաջորդել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առողջապահական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ ռազմական ոլորտներում ճգնաժամին: Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք գտնել, եւ որպես խորհրդարանական ուժ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է բաց հարթակ կարծիքների փոխանակման մասին:

Ապա նա ներկայացրեց կուսակցության մշակած «ճանապարհային քարտեզի» 13 կետերը, որոնք են՝

1. Պարտության խորհրդանիշ վարչապետը հրաժարական է տալիս: Խորհրդարանն ընտրում է վարչապետի պաշտոնակատարի: Ձեւավորվում է անցումային կառավարություն՝ բաղկացած իրենց ոլորտներում հաջողակ մարդկանցից:

2. Ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը:

3. Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշությունների հարցով բանակցությունների նախաձեռնում: Բանակցությունների վերսկսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրապնդման, Հայաստանի շահերը ներկայացնող հավասարակշռված համաձայնության իրականացման համար: Առաջնահերթությունների թվում են գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակումը, սահմանների դեմարկացիայի հարցերը:

4. Հայաստան-Ղարաբաղ-սփյուռ ներուժի համախմբում:

5. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնությունների կոչերի, ատելության հռետորաբանության դադարեցում:

6. Պետական ինստիտուտների վերականգնում եւ ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում հասարակության անվտանգության վերականգնումն ապահովելու նպատակով:

7. Զոհված, վիրավորված, գերեվարված, անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների կարիքների ամրապնդում:

8. Արցախի հայերի, այդ թվում փախստականների սոցիալական կարիքների անհապաղ լուծում, կենսագործունեության համար պայմանների վերականգնում:

9. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում:

10. ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, ԵՄ 27 երկրների, Իրանի, արաբական երկրների միջազգային դոնորների համաժողովի հրավիրում: Առնվազն 1 մլրդ դոլարի ներգրավում ավերածությունների վերականգնման համար:

11. Դիվանագիտական թիմի աշխատանքում արմատական փոփոխություններ, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:

12. Տնտեսական եւ ռազմական վերականգնման ազգային հեռանկարային ծրագրերի մշակում՝ կայուն զարգացում ապահովելու նպատակով:

13. Ազատ, արդար, թափանցիկ եւ հավասար պայմաններով խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Որպես հիմնավորում «ճանապարհային քարտեզի» ընդունման Մարուքյանը նշեց, որ գործող կառավարությունն արդեն չի համապատասխանում այն խնդիրներին, որոնք պետք է լուծել, եւ նոր իրողություններին, որոնք առաջացել են պատերազմից հետո: Նա նշեց կարեւորագույն ոլորտներում հետագա գործողությունների մանրամասն ծրագիր ընտրելու անհրաժեշտությունը, որից հետո պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դրանց իրականացման համար: «Դրանք այն օպերատիվ քայլերն են, որոնք պետք է լուծել: Եվ ով էլ լինի անցումային կառավարության վարչապետը, նա պետք է իրականացնի այդ բոլոր քայլերը: Հասկանալի է, որ ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չի լինի այդ ամենն իրականացնել, հետեւաբար, մեզ պետք է համընդհանուր համախմբում»,-եզրափակեց Մարուքյանը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած լսումներին մասնակցում են «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Լսումներին հրավիրված «Իմ քայլի» պատգամավորները հրաժարվել են մասնակցությունից:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ