News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը նոր կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վրաստանի գործող վարչապետ Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Այս մասին երկուշաբթի հայտարարվել է խորհրդարանի մամուլի ծառայությունում:

««Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միավորումը վարչապետի պաշտոնում Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել Գիորգի Գախարիայի թեկնածությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գախարիան Վրաստանի կառավարությունը ղեկավարում է 2019-ի սեպտեմբերից: Դեկտեմբերի 11-ին նոր գումարման խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո վարչապետի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց, իսկ նրա բոլոր անդամները պաշտոնակատար դարձան: Այժմ Գախարիան պետք է խորհրդարան ներկայացնի ծրագիրն ու ապագա կաբինետը, ինչից հետո կսկսվի հաստատման կարգը, ինչի համար պատգամավորները երկու շաբաթ ունեն: Եթե ​​դա տեղի չունենա, նախագահը կցրի օրենսդիր մարմինը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակի:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են երկու փուլով` հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 21-ին: Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները` ըստ որոնց հաղթեց իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը` հավաքելով ձայների 48.22 տոկոսը եւ ստանալով 150-ից 90 մանդատը: «Վրացական երազանք»-ից բացի, խորհրդարան է անցել նաեւ «Ուժը միասնության մեջ է» Միացյալ ընդդիմություն» ընդդիմադիր դաշինքը, որի մաս է կազմում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից: Դաշինքը հավաքեց ձայների 27.18 տոկոսը:

Բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացված կլինեն նաեւ «Եվրոպական Վրաստան - Ազատության համար շարժում» (3.79 տոկոս), «Վրաստանի հայրենասերների դաշինք» (3.14 տոկոս), Վրաստանի լեյբորիստական ​​կուսակցությունը (1 տոկոս), «Քաղաքացիներ` Ալեկո Էլիսաշվիլի»-ն (1.33 տոկոս), «Գիրչի»-ն (2.89 տոկոս), «Լելոն Վրաստանի համար» (3.15 տոկոս) եւ «Գիորգի Վաշաձե - Աղմաշենեբելի ռազմավարությունը» դաշինքը (3.15 տոկոս): Ընդհանուր առմամբ, ընդդիմությունը ստացավ 60 մանդատ: Այս տարի խորհրդարանի ընտրական շեմը կուսակցությունների համար 1 տոկոս էր, իսկ դաշինքների համար` այնքան, որքան կուսակցություն կընդգրկվեր դրա կազմում:

Ընդդիմությունը չի ճանաչում քվեարկության արդյունքները, ընտրությունները համարում է կեղծված եւ շարունակում է հրաժարվել խորհրդարան մտնելուց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ