News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություններին զենք վաճառելու մասին ԱՄՆ կառավարության վերջին որոշումը վրդովմունք է առաջացրել մի շարք քաղաքական գործիչների եւ ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում՝ չնայած նրան, որ այդ վաճառքը Մերձավոր Արեւելքում կայունության ապահովման հարցով առավել լայն ռազմավարության մասն է, գրում է Իոաննիս Է. Կոտուլասը Algemeiner պորտալում իր հոդվածում:

«Նոյեմբերի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսին տեղեկացրեց, որ ծրագրվում է ԱՄԷ-ին սպառազինության առաջատար համակարգերով հրթիռներ, ժամանակակից F-35 կործանիչներ, Reaper անօդաչուներ եւ զինամթերք վաճառել 23 մլրդ դոլարի չափով: Պետդեպարտամենտը հավանություն է տվել վաճառքին որպես պարգեւատրում Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:

Գործարքի հակառակորդներին չի հաջողվել բավարար ձայներ հավաքել Սենատում՝ վաճառքն արգելափակելու համար, սակայն հետաքրքիր է ուսումնասիրել որոշ ներգրավված կողմերի գաղափարախոսությունն ու ընդգծել, թե ինչ նախաձեռնություններ են ձեռնտու Իրանին եւ Թուրքիային:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հաճախ իսլամիստական տարրեր է օգտագործում մերձարեւելյան հանրություններում՝ որպես իր ազդեցության գործակալներ: Իսրայելի դեմոնիզացիայի եւ պատերազմի տարբեր ճակատներում իսլամիստների տեղակայման ճանապարհով Թուրքիան ցանկանում է իսլամիստական գործի ջատագով դառնալ: Թուրքիայի եւ ԱՄԷ-ի հարաբերություններում լարվածությունն աճում է, քանի որ ԱՄԷ-ն ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում, որպեսզի դիմակայի Թուրքիայի տարածաշրջանային ծրագրերին: Իրանն ինչպես ԱՄԷ-ի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի մրցակիցն է: Վերջին տարիներին Թուրքիան եւ Իրանը սերտորեն համագործակցում են դիվանագիտական եւ ֆինանսական մակարդակներում: Թուրքիան Իրանի հետ համագործակցության ցանց է ստեղծել, որն անուղղակիորեն աջակցվում է Ռուսաստանի կողմից, եւ որը դիմակայում է Իսրայելի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ ԱՄԷ-ի ցանցին:

Զենքի վաճառքն «Աբրահամի համաձայնությունների» ստորագրման արդյունք է դարձել: Ամերիկացի քաղաքական գործիչների, ակտիվիստների եւ վերլուծական կենտրոնների խումբն ԱՄԷ-ին զենքի վաճառքի դեմ է հանդես եկել: Ամերիկացի 3 սենատորներ՝ դեմոկրատներ Ռոբերտ Մենենդեսը եւ Քրիս Մըրֆին եւ հանրապետական Ռենդ Փոլը անհամաձայնության ինչպես տեխնիկական, այնպես էլ էական պատճառներ են մեջբերել, ինչպես օրինակ՝ Կոնգրեսի ստուգման նորմալ գործընթացի շրջանցում եւ մտահոգություն ԱՄԷ-ում մարդու իրավունքների առիթով: ԱՄՆ Պետդեպարտամենտը, ըստ էության, մտահոգություն է հայտնել այդ առիթով՝ հայտարարելով, որ «Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի շրջանակում ԱՄԷ ռազմական օպերացիաները հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան, քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման եւ մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտման»:

Կոնգրեսական Իլհան Օմարը բանաձեւեր է ներկայացրել վաճառքի դեմ՝ ԱՄԷ-ն անվանելով «մարդու իրավունքների գլոբալ խախտող»: Օմարի մուտքն Իսրայել արգելել են BDS հակասեմական ընկերության աջակցության համար: Նրա բարեկամական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ եւ ոչ միանշանակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ քաջ հայտնի են:

Ինչն ավելի հետաքրքիր է, «Միջազգային կոալիցիա ՀԿ»-ն համատեղ հռչակագիր է հրապարակել, որով կոչ է անում անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն ԱՄԷ-ին: 29 կազմակերպություններ, այդ թվում վերլուծական կենտրոններ եւ սպառազինությունների հսկողության կազմակերպություններ, ստորագրել են նամակը, որը սկսվում է հետեւյալ խոսքերով. «Զենքի վաճառքը կխաթարի ԱՄՆ ազգային անվտանգության շահերը՝ բորբոքելով անկայունություն, բռնի հակամարտություններ եւ ռադիկալացում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաեւ ապօրինության ազդանշան կլինի ԱՄԷ վերջին պահվածքի համար, որը ներառում է միջազգային իրավունքի հավանական խախտումներ»: Խնդրագիրը ստորագրած խմբի թվում եմ Մերձավոր Արեւելքում ժողովրդավարության նախագիծը (POMED) եւ Կահիրեի՝ Մարդու իրավունքների ոլորտում հետազոտությունների ինստիտուտը (CIHRS), ինչպես նաեւ ակտիվիստների տարբեր ցանցեր:

CIHRS-ի տնօրեն Էլդին Հասանը նշել է, որ արաբական երկրների քաղաքականության մեջ իսլամիստական ներկայությունն անհրաժեշտություն է: Դեռեւս մինչեւ «արաբական գարունը» համապատասխան վերլուծության մեջ Հասանը դատապարտել է Եգիպտոսի պաշտպանիչ միջոցները իսլամիստական ցանցերի դեմ՝ «Մուսուլման եղբայրներին» անվանելով պարզապես «արգելված սահմանադրություն», որը «մշտական քաղաքական հետապնդման, քաղաքական ճնշումների եւ լրատվամիջոցների կողմից ճնշումների է ենթարկվում»: Այն բանից հետո, երբ Եգիպտոսում «Մուսուլման եղայրների» իսլամիստական կառավարությունը տապալվեց, Հասանը դատապարտեց նաեւ վերջին տարիներին ընդունված անվտանգության միջոցները ընդդեմ նրա, ինչը նա անվանում է «խաղաղ իսլամիստական դիսիդենտ եւ իրավապաշտպան կազմակերպություն»: Սակայն «Մուսուլման եղբայրները» ներգրավված են եղել բազմաթիվ ահաբեկչությունների եւ մահափորձերի մեջ: 2013 թվականին իշխանությունից հեռացումից հետո նրանք 13 զինված իսլամիստական շարժում են ստեղծել, որն ահաբեկչական հարձակումներ է իրագործել Եգիպտոսում:

Թուրքիան վճռականորեն դատապարտել է «Աբրահամի համաձայնությունները»՝ դրանք անվանելով «հարված պաղեստինական գործի պաշտպանության ջանքերին եւ Իսրայելի անօրինական գործողությունների հավերժացմանը», այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սպառնացել է խզել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ գործարքի պատճառով: Թուրքիան վերածվել է իսլամիստների հետ կապված միջազգային քաղաքականության մասնակցի՝ դառնալով նոր իսլամիստական Ինտերնացիոնալի ձեւավորման կենտրոն:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին նախազգուշացում է արել այն մասին, որ «սիոնիստական ռեժիմի հետ միությունը Բահրեյնի եւ Էմիրատների անվտանգությունը ռիսկի տակ կդնի ավելի շատ, քան նախկինում»:

ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան գտնվում են Իրանի կողմից աճող սպառնալիքի ներքո Իսրայելի հետ ռազմավարական միության պատճառով: «Աբրահամի համաձայնությունները» նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ են ստեղծել Մեծ Մերձավոր Արեւելքում՝ մեկուսացնելով Իրանին եւ նրա խամաճիկներին եւ սահմանափակելով Թուրքիայի ազդեցությունը:

Այն դեպքում, երբ ավելի շատ արաբական պետություններ են ձգտում կարգավորել Իսրայելի հետ հարաբերություններն ու անցնել համագոյակցության նոր դարաշրջանի եւ զսպել իրանական ագրեսիան եւ իսլամիզմին Թուրքիայի աջակցությունը, ոչ կառավարական կազմակերպություններն ու խմբերը, որոնք դեմ են հանդես գալիս ԱՄԷ-ին զենքի վաճառքին, շարունակում են հնացած մոտեցում զբաղեցնել, որը համաձայնեցվում է ծայրահեղական խաղացողների փոքրամասնության հետ:

Համաձայնություններին կամ էլ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն իրենց աջակցությունն են հայտնել Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Մարոկոն, Սուդանը, Սաուդյան Արաբիան եւ Օմանը: Միայն Թուրքիան եւ Իրանն են մեկուսացած մնում իրենց նեգատիվիզմում: Բարի մտադրությունները կամ վերացական պատկերացումները, որոնք անտեսում են արաբական աշխարհում իսլամիստների պահվածքի քաղաքական իրողությունները կամ Իրանի եւ Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները, հետագա անկայունության եւ անկարգությունների, ԱՄՆ շահերին սպառնալիքների բաղադրատոմսն են»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ