Եթե Նիկոլ Փաշինյանին գաղտագողի, սողեսող հաջողվեց հասնել օդանավակայան, մեկնել Մոսկվա, ուրեմն նքը թող լավ իմանա եւ թող իմանան իր հետ բանակցողները, որ մարդ, ով գաղտագողի, փախեփախ է ման գալիս սեփական երկրում, չի կարող ներկայացնել Հայաստանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, «Զվարթնոց» օդանակակայան տանող ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական թեւի անդամ Գերասիմ Վարդանյանը:

«Թող նրա հետ բանակցողներն իմանան, որ նրա կողմից որեւէ ստորագրություն, որեւէ պայմանավորվածություն չեն ներկայացնում ՀՀ շահերը: ՀՀ ժողովուրդը դրա լեգիտիմությունը վիճարկելու է: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրեց, որը մեր պետության դեմ է, ապա թող լավ իմանա, որ ոչ թե փողոցները, այլ Հայաստանի երկինքն է փակ լինելու եւ նա չի կարողանալու գա Հայաստան: Իսկ նրա կողմից ստորագրած փաստաթուղթը լեգիտիմ չի համարվելու մեր կողմից: Դա թող իմանան թե Ալիեւը, թե Պուտինը, թե ամբողջ աշխարհը եւ թե Մինսկի խումբը: Սա մեր կողմից նախազգուշացում է»,-ասաց նա՝ հավելելով, որ քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Մոսկվա, իրենց ակցիան դադարեցնում են:

Նշենք, որ այս պահին ոստիկանությունը փակել է «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը երեկ գրառում էր արել՝ նշելով, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ Իսակովի պողոտայով: