News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրեթ ՄաքԳերքի նշանակումը նորընտիր նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի հարցերով համակարգողի պաշտոնում արդեն անհանգստություն է առաջացրել Թուրքիայում, գրում է Axios-ը:

ՄաքԳերքը, ով Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի օրոք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հանձնակատար է եղել, համարվում է Մերձավոր Արեւելքում Թուրքիայի կառավարության քաղաքականության խիստ քննադատ եւ քրդերի գլխավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) հետ Ամերիկայի գործընկերության բացահայտ աջակից։

2017-ին Թուրքիայի կառավարությունը պահանջել էր հեռացնել ՄաքԳերքին պաշտոնից՝ սիրիական քրդական YPG-ի հետ սերտ կապերի պատճառով:

2019-ին ՄաքԳերքը ենթադրում էր, որ Թուրքիան կարող էր ապաստանել ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Նույն թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բոցաշունչ ելույթից հետո ՄաքԳերքը Twitter-ում գրել էր. «Էրդողանը մուսուլմաններին կոչ արեց «միավորվել ընդդեմ Արեւմուտքի» հենց այն պահին, երբ Թուրքիան Ստամբուլում ընդունեց ահաբեկիչ Իսմայիլ Հանիին»:

ՄաքԳերքը նաեւ շատ քննադատաբար էր վերաբերվում Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի ծրագրերին՝ ասելով, որ դա «արդյունավետորեն կընդլայնի Թուրքիայի սահմանը 30 կիլոմետր դեպի Սիրիայի խորքը, ներառյալ քրիստոնյաների, քրդերի եւ այլ խոցելի փոքրամասնությունների տարածքները»:

Հունվարի 9-ին թուրքական պետական ցանցի TRT World կայքը հրապարակել էր ակադեմիկոս Թալի Թեհլ Աբդուլրազակի քննադատական հոդվածը՝ պնդելով, որ ՄաքԳերքի նշանակումը նշանակում է «ավելի մեծ ահաբեկչություն՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար»: Աբդուլրազակը ՄաքԳերքին անվանել է Սիրիայի քրդերի զինման ոգեշնչող։

ՄակԳերքը պատասխանատու կլինի ԱՄՆ քաղաքականությունը համակարգելու համար ոչ միայն Սիրիայում, այլ նաեւ Իրանում, Իրաքում եւ Լիբիայում: Սակայն Սիրիայի մարտադաշտը շատ է փոխվել այն բանից հետո, երբ ՄաքԳերքը պաշտոնը թողել է 2018-ի դեկտեմբերին, Թուրքիայի ազդեցության գոտին ընդլայնվել է, իսկ Ամերիկայինը՝ նեղացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ