News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ Վանաձորի «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդական խաղերի» եւ «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրերով էլեկտրոնային շտեմարաններ, ինչպես նաեւ հայկական ուտեստների վերաբերյալ 10 վարպետաց տեսադասեր:

Տեղեկատվական շտեմարանների եւ հայկական ավանդական կերակրատեսակների վարպետաց տեսադասերի նկարահանումների նպատակը ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 10 համայնքների (Ճոճկան, Շամուտ, Չկալով, Շնող, Դսեղ, Արեւածագ, Կաճաճուտ, Աքորի, Մղարթ, Օձուն) խաղերին եւ ուտեստներին վերաբերող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումն է:

Ծրագրի արդյունքում ստեղծված հայկական ավանդական խաղերի շտեմարանը կարեւոր տեղեկություններ է ներառում հայկական ավանդական եւ արդեն իսկ մոռացության մատնված բազմաթիվ խաղերի մասին: Ծրագրի աշխատակազմն արդեն իսկ սկսել է հայկական ավանդական որոշ խաղեր ներկայացնել կազմակերպության շահառուներին՝ դրանց գործնական կիրառության եւ գովազդման միջոցով: Այդ խաղերից են՝ հոլը, յոթ քարը, քարկտիկը, հավալան եւ այլն:

Հայկական ավանդական խաղերի շտեմարանը հասանելի է առցանց հարթակում՝ «ՀԿ Կենտրոնի» կայքէջում, ֆեյսբուքյան էջում եւ https://bit.ly/3bTnQKA հղմամբ:

«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» ՀՀ Լոռու մարզի շտեմարանը կազմվել է դաշտային աշխատանքների, առկա գրականության եւ տարբեր աղբյուրների ուսումնասիրության ու հայկական խոհանոցի վարպետների հետ հարցազրույցների արդյունքում: Հասանելի է հետեւյալ հղմամբ:

Վարպետաց տեսադասերի ընթացքում նկարահանվել են Լոռվա մարզում տարածված եւ կիրառվող ավանդական (փոխինձ, ավելուկով ապուր եւ աղցան, լոբիով դդմապուր, աղցան բազուկի տերեւներով, զիմելով աղցան, բալդրղանի թթու, շուշանի թթու, դանդուռով թթու, փիփերթով ապուր, կարտոֆիլով աղցան, կիրկաշ, հոնի փշեջուր, արիշտա, կոնչոլ, յեղուճիլ/յեղուշոր) եւ հեղինակային կերակրատեսակների (օձունյան զիբեթ, դդմիկաբլիթով տորթ, ածիկով կոտլետ, բանջարով եւ սնկով կոլոլակ, թելուկով ձվածեղ եւ այլն) մասին պատմող հոլովակներ:

Դրանք եւս հասանելի են առցանց տիրույթում՝ «ՀԿ Կենտրոնի» յություբյան ալիքում:

Հայկական խաղերը եւ ազգային խոհանոցը ոչ նյութական մշակութային ժառանգության կարեւոր դրսեւորումներից են, որոնք պետք է պահպանել եւ փոխանցել գալիք սերունդներին:

Տպել
Ամենաշատ