News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Իմ տպավորությամբ պետք է օրենքով քրեական պատիժ սահմանել սուտ ասող պաշտոնյայի նկատմամբ, եւ շատ խիստ պատիժ: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է վստահությունը վերականգնել պետության նկատմամբ` հաշվի առնելով այն  իրավիճակը, որ սուտ խոսողի դերում պետությունն էր, իշխանությունն էր:

«Եթե ուզում ես պետություն քանդել, պետք է վստահությունը ուղղակի քայքայես պետության նկատմամբ։ Հայաստանում արվել է ամեն ինչ դա ունենալու համար։ Երբ պետությունը, պետական մարմինները ֆեյք քշող մեքենա են դառնում իրենք իրենցով, դու չես կարող դա պետություն անվանել։ Իմ տպավորությամբ պետք է օրենքով քրեական պատիժ սահմանել սուտ ասող պաշտոնյայի նկատմամբ, եւ շատ խիստ պատիժ։ Եվ հիմնական սուտասանը դուք գիտեք՝ ով է մեր երկրում։ Սա քաղաքական մշակույթ է դարձել։ Մեկ-մեկ մտածում եմ՝ կարո՞ղ է ես 10 տարվա ընթացքում սխալ եմ ապրել, երբ նախագահ էի։ Դեպք չկա, որ մեկն ինձ ասի՝ այսինչ օրը այսպիսի բան եք ասել, հետո պարզվեց, չէ, սուտ է։ Այսօր մենք օրական հինգ դեպք ունենք պաշտոնյաների կողմից ստերի, եւ դա նորմալ է դարձել»,-ասաց նա:

Շարունակելով` Քոչարյանը հավելեց, որ ամենամեծ վտանգը նրա մեջ է, որ այնքան սովորական է դարձել պաշտոնյաների կողմից ստելը, որ դա նույնիսկ որպես արտառոց դեպք չի ընկալվում։

«Մենք չենք կարող ստերի աշխարհ ձեւավորելով առաջատար երկիր դառնալ։ Ճ կլասի երկրից ավելի ցածր ենք դարձել։ 5-6 տարի առաջ Գերմանիան ուներ բավական խոստումնալից պաշտպանության նախարար, եւ բոլորը կանխատեսում էին, որ այդ պաշտպանության նախարարը պետք է փոխարինի Անգելա Մերկելին կանցլերի պաշտոնում։ Մի լրագրող նրա դիսերտացիայի մեջ հայտնաբերել է մեկ պարբերություն, որը կարող է նաեւ փնթիության պատճառով աղբյուրի հղում չուներ։ Այդ մարդը քաղաքական դաշտից կորավ, ոչնչացավ, ոչ մեկը էլ տեղը չգիտի, այնպիսի մի ամոթանք եղավ, այնպիսի պոռթկում եղավ, որ կուսակցությունը ինքնամաքրման համար ազատվեց նրանից։ Դա պատճառներից մեկն է, որ այսօր Գերմանիան Գերմանիա է, երկրորդ համաշխարհայինում պարտված երկիրը այսօր Եվրոպայի ամենահզոր երկիրն է եւ դրա տնտեսության շարժիչ ուժը։ Մենք ո՞նց ենք այս ստերի վրա երկիր կառուցելու»,-ասաց նա։

Երկրորդ նախագահ խոսքով`44 օր պատերազմի մասին ստեր ասած իշխանությունը մինչեւ այսօր իշխանություն է, դա զարմացնում է բոլորին։

«Մենք սովորել ենք դրան, օտարները շշմում են, ասում են՝ մենք չգիտեինք, որ հայերը կարող են այսքան հանդուրժող լինել ստերի նկատմամբ։ Սա նշանակում է՝ սուտը մեր կենցաղի մի մասն է դարձել։ Պետք է լինի խստագույն պատիժ, յուրաքանչյուր պաշտոնյա սուտը հայտնաբերվելու պարագայում ուղղակի պետք է պաշտոնից զրկվի եւ քրեական պատասխանատվության ենթարկվի»,- հավելեց  նա։

Լրագրողի դիտարկմանը, որ երկրի փաստացի ղեկավարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, մյուս կողմից գրավված տարածքները անվանվում են ադրբեջանական տարածքներ, արդյոք նման մթնոլորտում հնարավո՞ր է քաղաքական պրոցեսներ գեներացնել եւ փրկել պետությունը կործանումից, Քոչարյանն առաջարկեց վարչապետին Շուշիի սկզբունքով խոսել Երեւանի մասին:

«Ես կառաջարկեմ նայել վիճակագրությունը, թե Երեւանի բնակչությունը ազգային առումով ինչ համամասնություն ուներ 1913-14 թվականներին։ Նայեք, թե քանի հայ էր, քանի կովկասյան թաթար։ Կառաջարկեի՝ ուղղակի հրապարակեք դա, եւ թող վարչապետը նույն Շուշիի սկզբունքով խոսի Երեւանի մասին, եթե դու միայն այդ պահի բնակչությամբ ես գնահատում։ Շուշիում այդ 90 տոկոսը արդյունք է եղել այնտեղ 1920 թվականի կոտորածի։ Ուրեմն դու ընդունում ես, որ այդ մարդկանց սպանելով, դեմոգրաֆիկ պատկերը փոխելով դու տիրանում ես այդ քաղաքին, այդ տարածքին։ Երեւանում, ի դեպ, նման բան չի եղել։ Առաջարկեք, եթե մոտեցումը այսպես ունիվերսալ է, տեսնենք՝ վարչապետը ինչ կասի Երեւանի մասին, եւ դա ինչքանով հաճելի կլինի լսել երեւանցիների համար»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ