News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


24-ամյա Շավարշ Մուրադյանը սեպտեմբերի 27-ին մեկնել էր ռազմաճակատ՝ ժամկետային զինծառայող եղբոր կողքին լինելու համար, սակայն եղբորը հասնել չէր հաջողվել․ նրան տարել էին այլ ուղղությամբ, որտեղ էլ մարտերի ժամանակ զոհվել էր 2 օր անց։

«Սեպտեմբերի 27-ին գնաց աշխատանքի ու կես ժամ հետո զանգեց, ասաց՝ պատերազմ է սկսվել, պետք է գնամ եղբորս մոտ։ Եկավ տուն արդեն կազմ-պատրաստ, ասաց՝ ես ինչպե՞ս այստեղ մնամ, եթե եղբայրս այնտեղ թշնամու դեմ կռիվ է տալիս։ Ես եղբորիցս 4․5 տարի ավելի եմ ապրել, ինքը ոչ մի պատերազմ չի տեսել, ես տեսել եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Շավարշ Մուրադյանի մայրը՝ Անահիտ Թումանյանը՝ նշելով, որ որդին մասնակցել էր Ապրիլյան պատերազմին։ 

Շավարշի և Ալեքսի հայրը՝ Մարտուն Մուրադյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Շավարշը սիրում էր կրկնել, որ հորից է  էհայրենասիրություն ժառանգել։

«Շավարշն ինձ հետ կիսվում էր իր մտորումներով, ասում էր` երբ պատերազմ սկսվի, անպայման գնալու եմ։ Ասում էր, որ շուտով պատերազմ է սկսվելու և Ադրբեջանին օժանդակելու է Թուրքիան»,- նշեց Շավարշի մայրը։

Շավարշը պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Արծիվ-30» մահապարտ ջոկատի հետ էր մեկնել առաջնագիծ, սակայն նրան տարել էին ոչ թե Հադրութ՝ որտեղ ծառայում էր իր եղբայրը, այլ Մարտակերտ, քանի որ Ապրիլյան պատերազմի ժամանակ այնտեղ մասնակցել էր մարտական գործողությունների։

Շավարշը 11-րդ դասարանում, հաղթելով «ՖԼԵՔՍ» մրցույթում, մեկնել էր ԱՄՆ՝ սովորելու, վերադարձից հետո ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան:

«Շատ բանիմաց էր և զարգացած։ Այն, ինչ սովորեցնում էի, սպունգի նման վերցնում էր։ Ամերիկյան համալսարանում իր անունով կրթաթոշակ է բացվել, որովհետև ինքը միշտ պայքարում էր, որ լավագույններն ուսման վարձի խնդիր չունենան։ Դասախոսներն ափսոսանքով էին խոսում նրա մասին, ասում էին՝ Շավարշն Ամերիկյան համասարանի արևն էր»,- ավելացրեց Անահիտ Մուրադյանը։

Շավարշ Մուրադյանը զոհվել է սեպտեմբերի 29-ին Մարտակերտի այն դիրքում, որը պաշտպանել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ