News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը փետրվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Սիմֆոնիկ համերգի ընթացքում կհնչեն Բեթհովենի ստեղծագործություններից, մասնավորապես՝ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը մեծ ճանաչում է վայելել դեռ կոմպոզիտորի կյանքի օրոք եւ 250 տարի անց էլ դասվում է ամենահաճախ կատարվող ստեղծագործությունների շարքին: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նշենք, որ մինչ այդ՝ փետրվարի 2-ին, Աշոտ Խաչատուրյանն ընկերների հետ հանդես կգա նաեւ կամերային բարեգործական համերգով, որի հասույթով Ստեփանակերտի ռմբակոծված երաժշտական դպրոցի համար ձեռք կբերվի ռոյալ:

Աշոտ Խաչատուրյանը հայտնի է դաշնամուրային բարդագույն երկերի ուրույն եւ վիրտուոզ մեկնաբանությամբ: Նա Ս. Ռախմանինովի (2006) եւ Մարթա Արգերիխի անվան մրցույթների (2007) առաջին, ինչպես նաեւ Top of the World (2011) եւ Concours d’Epinal (2013) մրցույթների մրցանակակիր է: Ելույթ է ունեցել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային, Նորվեգիայի ռադիոյի, Eighteenth Century, Բազելի սիմֆոնիկ, Վալոնի թագավորական կամերային նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորներ Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի եւ այլոց ղեկավարությամբ:

2018 թ. հիմնադրել է Իսայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ