Հայաստանի նախագահի նստավայրի մոտ այսօր` հունիսի 10-ին բողոքի երթ են կազմակերպել «Նաիրիտ» ընկերության աշխատակիցները, ովքեր սպասում են իրենց աշխատավարձերի վճարմանը:
Ձեռնարկությունը չի աշխատում արդեն մեկ տարի: Ըստ ցուցարարների, իրենք գործարանը փակվելուց առաջ 4 ամսվա աշխատավարձ չեն ստացել:
Ցուցարարների մոտ է ժամանել նախագահի Վերահսկիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Գործարանի աշխատակիցներից կազմված մի խումբ` արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանի գլխավորությամբ, նախագահի նստավայրում շուրջ մեկ ժամանոց հանդիպում է ունեցել Հովսեփյանի հետ:
Հանդիպումից հետո Թադեւոսյանը հայտնել է, որ Հովսեփյանն իրենց է փոխանցել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի խոստումը, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարման խնդիրը կլուծվի 15-օրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ 2006-ին «Նաիրիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը հանձնվել է Մեծ Բրիտանիայում գրանցված Rhinoville Property Limited ընկերությանը, որի հիմնադիրները լեհական Samex-ն է, ամերիկյան Intertex-ը եւ ռուսական «Եվրոգազը»: Ամենայն հավանականությամբ, Rhinoville Property Limited-ն օֆշորային ընկերություն է:
«Նաիրիտի» բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը: Ընկերության գլխավոր տնօրենը Վահան Մելքոնյանն է:
«Նաիրիտի» ներկա սեփականատերը փաստացի ոչ մի ներդրում չի կատարել, որի հետեւանքով գործարանը տարվա մեծ մասը կանգնած է:



























