News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

3-ամյա Ջոնաթանը 1987-ի սեպտեմբերի 25-ին խաղալիս է եղել իր եղբոր` Ալֆոնսոյի հետ Բոգոտայի արեւմուտքում իրենց պարտեզում, երբ ընտանիքի բարեկամը մոտեցել է նրան եւ առաջարկել կոնֆետ գնել: Ջոնաթանը գնացել է այդ մարդու հետ՝ 32 տարի անհետ կորչելով, հայտնում է Reuters-ը:

Նրա ավագ եղբայր Խուան Խիմենեսը երդվել է գտնել եղբորը: «Դա ինձ համար մոլուցք էր»,- ասել է Խուանը, ով 2007 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: «Ես մեծացել եմ՝ տեսնելով, թե ինչպես է մայրս տառապում, եւ իմ մեծ ցանկությունն էր փորձել ինչ-որ բան անել այդ իրավիճակում»:

Խուանը սոցիալական ցանցերում գտել է այն մարդուն, ով տարել էր Ջոնաթանին, բայց նա մահացել է նախքան նրանք կհանդիպեին: ԴՆԹ թեստեր անող ընկերությունն այնուհետեւ թեստ է նվիրել՝ հույս ունենալով, որ նա այդպիսով կարող է գտնել իր եղբորը: Դա աշխատել է։

2019 թվականին Խուանը հաղորդագրություն է ստացել Նորվեգիայից՝ 34-ամյա փաստաբանից, ով ասում էր, որ իրեն որդեգրել են 4 տարեկանում, եւ ինքը փորձում է գտնել իր կենսաբանական ընտանիքը: «Արդյունքը (ԴՆԹ-ի) հուշում է, որ դուք իմ խորթ եղբայրն եք, քեռին կամ զարմիկը»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Խուանը 2020 թվականի հունվարին մեկնել է Նորվեգիա, որպեսզի հանդիպի Ջոնաթանի, այժմ՝ Ջոնի հետ: Եղբայրներն այնուհետեւ վերադարձել են Կոլումբիա:

«Ես միշտ ցանկացել եմ գտնել իմ ընտանիքը»,- ասել է Ջոնաթանը: «Ինձ համար ծանր էր ամբողջ մանկությունը»:

«Մենք երբեք չենք կարողանա վերադարձնել բաց թողած 32 տարիները: Բայց մենք կարող ենք հաջորդ 32 տարիները դարձնել մեր կյանքի ամենազարմանալի պահերը»,- նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ