News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամում այս պահին միջազագային աուդիտ է իրականացվում եւ այն դեռ չի ավարտվել։ Տեղեկությունները, թե միջազգային աուդիտը չի հաստատել հիմնադրամի հաշվետվությունը եւ 8 մլն դոլարը  կանխիկացվել ու յուրացվել է իշխանությունների կողմից անհեթեթություն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը։

Նշենք, որ միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը թելեգրամյան իր ալիքում գրել էր, որ միջազգային աուդիտը չի հաստատել Հայաստանի կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը հարցականի տակ է դնում հիմնադրամի ապագան։ Ըստ նրա՝ ԱՄՆ–ի հայկական համայնքի կողմից հիմնադրամին փոխանցված շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել եւ յուրացվել է Հայաստանում գործող ռեժիմի ներկայացուցիչների կողմից: «Զավեշտն այն է, որ ոչ՛ ԱԱԾ-ն, ոչ՛ դատախազությունը այս գործով որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել՝ չփորձելով անգամ հետաքննություն անցկացնելու իմիտացիա ստեղծել»,- գրել է  Անդրանիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝  պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձեւով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական եւ առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ 2020թ.–ի նոյեմբերի 26-ին նամակով դիմել էր հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին։

Նախագահը պահանջել էր, որ  կառավարությունը հստակ, մանրամասն եւ թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ։

«Միաժամանակ, պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը եւ հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ որպես հիմնադրամի հիմնական ու հավատարիմ նվիրատուների, սպառիչ տեղեկություն տրամադրվի «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հանգանակած միջոցների եւ դրանց նպատակային կառավարման վերաբերյալ»,– ասվում էր նախագահի հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ