News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանում ՀՀ դեսպանությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից է տեղեկացել փետրվարի 20–ին Թեհրանում արտակարգ վայրէջք կատարած հայկական գրանցման Բոինգ 737 օդանավի հետ կապված միջադեպի մասին։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է  Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։ Վերջինս միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳՆ–ն հանձնարարել է Իրանում ՀՀ դեսպանությանը աջակցություն ապահովել Բոինգ 737–ի հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Դեսպանը, վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվությունը, NEWS.am–ին հավաստիացրել է, որ օդանավի արտակարգ վայրէջքը կատարվել է տեխնիկական պատճառներով։

«Այդ ողջ ժամանակահատվածում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ կառավարության, ԱԳՆ–ի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության և իրանական պատկան մարմինների հետ»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում օդանավը վերադարձնել Հայաստան և այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր է իրականացնում Իրանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Թումանյանը կոնկրետ ժամկետներ չի նշել.

«Թեհրանում գտնվող ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության ներկայացուցիչները  մինչ օրս իրականացնում են օդանավի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և առկա թերությունների վերացման աշխատանքներ։ Տարբեր ատյանների հետ կապերի և հայաստանյան  ներկայացուցիչների համար աշխատանքային պայմանների ապահովման համար ՀՀ դեսպանություն իրականացնում է անհրաժեշտ բոլոր աշխատանքները»,–տեղեկացրել է դեսպանը։ Անդրադառնալով օդանավի՝ Իրանում հնարավոր վաճառքի վերաբերյալ տեղեկություններին,  Արտաշես Թումանյանը հայտնել է, որ ՀՀ դեսպանությունը որևէ տեղեկություն չունի և չի կարող մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ Հայկական «Fly Armenia airways» ընկերության կողմից վարձակալած և նախնական թռիչքուղու շեղման հետևանքով  նախորդ ամիս Իրանում հայտնված ամերիկյան արտադրության Բոինգ 737–ը միջպետական սկանդալի պատճառ է դարձել։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին և նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։ Նշենք, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պնդում է, որ հայկական գրանցման օդանավի վայրէջք կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ, իսկ և օդանավը շահագործող «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարել է, որ թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց ընկերության համաձայնության և գիտության։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախօրենին հայտարարել  է, որ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, Կոմիտեն գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար:

Օդանավի հետ կապված միջադեպի փաստով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշված հոդվածը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ օդանավ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելուն և պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով։ Քրեական գործը քննվում է նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելուն։

 

Տպել
Ամենաշատ