News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վտանգում է Թուրքիայի ֆինանսական շուկաների վրա սպեկուլյատիվ հարձակումներով եւ իր ժողովրդականության անկմամբ՝ Կենտրոնական բանկի նոր ղեկավարի նշանակման կապակցությամբ՝ իր ոչ հետեւողական տնտեսական տեսակետները վերստին պարտադրելու համար, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի փոխտնօրեն Դեսմոնդ Լահմանը:

Էրդողանը ամենավատ ժամանակն է ընտրել Թուրքիան իր էքսցենտրիկ թեզին հնազանդեցնելու համար, ըստ որի ավելի բարձր տոկոսադրույքները գնաճ են առաջացնում, այլ ոչ թե նվազեցնում են այն, գրել է Լահմանը National Interest-ում հրապարակված իր հոդվածում:

«Նրանք ասում են, որ նրանց, ում աստվածները ցանկանում են ոչնչացնել, նախ խելագարացնում են: Դա միանշանակ նման է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, թերեւս՝  նրա տնտեսական հայացքների տեսանկյունից: Այս տեսակետը նկատելի է տնտեսական ձախողման ամբողջ ընթացքում եւ, անշուշտ, թանկ կնստի Էրդողանի վրա ընտրություններին:

Հանգստյան օրերին Էրդողանն աշխատանքից հեռացրեց ֆինանսների նախկին նախարար Ագբալին, ով գլխավորում էր կենտրոնական բանկը, այն բանից հետո, երբ վերջինս հինգ ամսվա ընթացքում երրորդ անգամ բարձրացրեց տոկոսադրույքները: Էրդողանը նրան փոխարինեց իր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր, իսլամիստական Yeni afak թերթի սյունակագիր Չահապ Քավչիօղլուով: Քավչիօղլուն իր հոդվածներում դեմ էր հանդես գալիս բարձր տոկոսադրույքներին:

Զարգացող շուկայական տնտեսության համար, որպես կանոն, խորհուրդ չի տրվում խիստ ոչ հետեւողական տնտեսական քաղաքականություն վարել, նույնիսկ՝ այն դեպքում, երբ առատ համաշխարհային իրացվելիություն կա, գրում է Լահմանը: Զարմանալի է այն ժամանակը, որն Էրդողանն ընտրեց այս քայլի համար: Նա նախընտրում է գործել ճիշտ այն ժամանակ, երբ զարգացող շուկայական տնտեսությունների համար գլոբալ իրացվելիության պայմանները խստանում են եւ, հավանաբար, կշարունակեն խստացվել:
Լահմանը նշել է, որ Էրդողանը նաեւ պարտադրում է իր ոչ հետեւողական հայացքները, երբ երկիրը «խոցելի է սպեկուլյատիվ հարձակումների համար»:

Թուրքիայի կենտրոնական բանկը լիրան պաշտպանելու անհաջող փորձերի արդյունքում սպառել է իր արժույթի պահուստները, թուրքական ընկերությունները լծված են պարտքերով, իսկ զբոսաշրջության ոլորտը՝ արտարժույթի եկամուտների հիմնական աղբյուրը, անկում է ապրում համավարակի պատճառով:

Այնուամենայնիվ, կասկածելի է, որ Էրդողանը 180 աստիճան շրջադարձ կկատարի, եթե Թուրքիայի արժութային ճգնաժամը չսրվի: Միակ դրական բանը, որը կարող է ստացվել երկրի տնտեսական խնդրից, այն է, որ դա կարող է ազդանշան լինել զարգացող շուկայական տնտեսություն ունեցող այլ երկրների համար, որպեսզի նրանք չխաղան տնտեսական քաղաքականության կրակի հետ, հատկապես՝ միջազգային ֆինանսական շուկայի պակաս խնայող միջավայրի պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ