Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ադրբեջանում հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը: Այս մասին ապրիլի 24-ին ՀՀ Ազգային ժողովում Ֆրանսիայի Սենատի ղեկավար Ժերար Լարշեի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցին ասաց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը: Ըստ Միրզոյանի՝կողմերն ընդգծել են, որ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց պահումը, այդ հարցի օգտագործումը քաղաքական առուտրի համար անընդունելի է: «Սա հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին»,- ընդգծեց ՀՀ ԱԺ խոսնակը:
Իր հերթին, Լարշեն հայտարարել է, որ Ադրբեջանը, եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի համաձայն, պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ նման դիրքորոշում էր որդեգրել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը: Ըստ ֆրանսիացի խորհրդարանականի՝ անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար:
Սենատի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ հայրենիք վերադառնալուն պես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կպատմի Հայաստանում անցկացրած քննարկումների մանրամասները, մասնավորապես՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: