News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո անհնար է կանխատեսել Աֆղանստանի ճակատագիրը: «Դժվար իրավիճակ, որեւէ բանի լավ պատասխաններ չկան»,- հայտարարել է Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավար, գեներալ Մարկ Միլլին՝ պատասխանելով Աֆղանստանի ապագայի մասին հարցին, հաղորդում է AFP-ն:

Նրա խոսքով՝ Պենտագոնը վերջին 2500 զինվորականներին մինչեւ սեպտեմբեր դուրս կբերի՝ համաձայն նախագահ Ջո Բայդենի կողմից երկու շաբաթ առաջ հայտարարված որոշման: «Ինչ կպատահի դրանից հետո, ես կարծում եմ, որ կան մի շարք տարբերակներ, որոնցից մի քանիսը բավականին վատն են, իսկ որոշներն այնքան էլ վատը չեն»,- ասել է Միլին: «Վատագույն դեպքում՝ կառավարության հնարավոր փլուզում, զինված ուժերի հնարավոր փլուզում: Քաղաքացիական պատերազմ եւ դրա հետ կապված բոլոր հումանիտար աղետները»,- ասել է նա: Դա կարող է ներառել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետեւում կանգնած «Ալ-Քաիդա»-ի վերակենդանացումը, որը ԱՄՆ-ի գլխավորությամբ երկիր ներխուժման թիրախն էր:

«Մյուս կողմից, դուք ունեք 350 000-անոց բանակ, ոստիկանություն եւ աֆղանական անվտանգության ուժեր, կա կառավարություն»,- ասել է Միլին: «Նրանք բավական վաղուց են մասնակցում «Թալիբան»-ի դեմ գործողություններին: Այնպես որ, փաստ չէ, որ, այսպես ասած, Քաբուլի ավտոմատ անկում տեղի կունենա»:

Նրա խոսքով՝ լավագույն արդյունքը կլինի Քաբուլի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ պայմանավորվածությունը: Միեւնույն ժամանակ, նա հրաժարվել է կանխատեսել, թե ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո որ ուղով կընթանա երկիրը:

Գեներալը հավաստիացրել է, որ նույնիսկ ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո նրանք դեռ կկարողանան հետեւել եւ հետապնդել «Ալ-Քաիդա»-ին:

«Աֆղանստանն ու Պակիստանը ահաբեկչական սպառնալիքների միակ վայրերը չեն: Այնպես որ, մենք ի վիճակի ենք վերահսկել, մենք ունակ ենք հարված հասցնել, եթե անհրաժեշտություն առաջանա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ