News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեր հովիվը չի մոտեցել դիրքերին, կան ապացույցներ, որ ադրբեջանցիներն են անցել մեր սահմանն ու փորձել առեւանգել նրան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար, ազատամարտիկ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Արավուս գյուղում միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին։

Արթուր Այվազյանը պատմեց, որ իրենք իրականացնում են Արավուս գյուղի պաշտպանությունը, մարտական խնդրի կատարման ժամանակ իրենց հետախուզադիվերսիոն խմբի դիտարկող խմբի 2 անդամ դիտարկման ընթացքում հայտնաբերել են դեպք, երբ ադրբեջանական հատուկ նշանակության զինված ուժերի ներկայացուցիչները՝ թվով 8 հոգի քաշքշում են մեր հովիվին եւ քարշ են տալիս դեպի իրենց դիրքեր.

«Ելնելով ստեղծված օպերատիվ իրավիճակից՝ դիտարկող խումբը միանգամից անցել են օպերատիվ ռեժիմի արձագանքման, եկել ենք մարտական վիճակի ու զգուշացրել ենք հակառակորդին՝ հենց հիմա ազատ թողնել մեր քաղաքացուն, հակառակ դեպքում մարտի ենք բռնվում։ Մենք տագնապ տվեցինք, որ մեր քաղաքացուն գերեվարում են։ Ունենք տեսանյութեր, լուսանկարներ այդ դեպքից։ Հայկական ստորաբաժանումը 8 թուրքի ձեռքից հային փրկում է, պարզվում է մենք ենք սահմանն անցե՞լ։ Եկել մեր տներն եմ մտել, մենք ենք սահման անցե՞լ։ Հովիվը դիրքին մոտ չի եկել, ապացույցներ կան, մարդն ամեն օր իր անասուններն արածացնում է այդ հատվածում, մոտ 150 մետր հեռավորության վրա։ Ամեն ինչ անում են, որ թուրքերի դուրը գա՞ն։ Մի պահ էլ ասվում էր՝ մեր գյուղացին է խմում, կրակում, հիմա էլ պարզվեց, որ մեր հովիվն է անցել իրենց տարածք։ Իբր սահման կա, հովիվն էլ հատել է։ Խելոք չմնան, հենց հիմա կհրապարակենք տեսանյութերը, թե ինչպես են գալիս ու փորձում առեւանգել մեր հովիվին։ Վաղարշակն ի՞նչ է հասկանում պաշտպանությունից եւ պետական սահմանից»։

NEWS.am-ի հետ զրույցում Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը նույնպես պնդեց, որ մեր հովիվը չի մոտեցել հակառակորդի դիրքերին. «150 մետր հեռու է եղել մեր հովիվը, նա չի մոտեցել դիրքերին։ Իզուր է նախարարն այդպիսի բան հայտարարում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ